Ընտրվելու դեպքում Անահիտ Բախշյանն ԱԺ է ներկայացնելու զինհաշմանդամների բուժմանը վերաբերող իր ծրագիրը


Ընտրվելու դեպքում Անահիտ Բախշյանն ԱԺ է ներկայացնելու զինհաշմանդամների բուժմանը վերաբերող իր ծրագիրը

  • 20-02-2017 13:46:19   | Հայաստան  |  Հասարակություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված Անահիտ  Բախշյանն ընտրվելու դեպքում առաջնահերթ ձեռնամուխ է լինելու զինհաշմանդամների բուժման հետ կապված խնդիրների լուծմանը: Նա Ազգային ժողով է բերելու զինհաշմանդամների բուժումը կազմակերպելու գործընթացների վերաբերյալ մշակած սեփական ծրագիրը:
 
Ինչպես փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ա. Բախշյանը, իր ուշադրության կենտրոնում են լինելու նաև կրթական և սոցիալական ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ: 
«Ապրիլյան պատերազմի ընթացքում ունեցանք զինհաշմանդամներ, որոնց բուժումը կազմակերպվեց արտերկրում. Պարզվեց, որ մեր երկրում չունենք կոմայի մեջ գտնվող զինհաշմանդամին զուգահեռ ֆիզոթերապևտիկ բուժում տրամադրելու հնարավորությունը, որը նրանց հաշմանդամության չի տանի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ վիրավոր զինվորների բուժումն այստեղ ևս կարելի է կազմակերպել: 
Ա. Բախշյանի փոխանցմամբ՝  ինքն անձամբ լուրջ անելիք ունի նաև կրթության մեջ թրծված մասնագետներին դպրոցի տնօրեն դառնալու հնարավորություն տալու հարցում, քանի որ ներկայումս դպրոցի տնօրենները նշանակվում են կաշառքով, ծանոթով կամ կուսակցական պատկանելիությամբ: 
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությունից այսօր դուրս եկած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կայացրած որոշմանը՝ Ա. Բախշյանն ընդգծեց, որ այն ուշացած է: 
Նրա խոսքերով՝  «Ժառանգության» շարքերը լքած անդամներին հաճախ մեղադրում են կուսակցության որդեգրած քաղաքական գծին և ծրագրին չհետևելու մեջ, մինչդեռ Ա. Բախշյանի պնդմամբ՝  ինքը և Զ. Փոստանջյանն այն ժառանգականներից են, ովքեր մշտապես հավատարիմ են եղել կուսակցության քաղաքական գծին: 
Ա. Բախշյանն ընտրվելու դեպքում առաջնորդվելու է «Հաշվետու եմ» կարգախոսով: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play