ՀՀԿ մարզային ԵԿ ներկայացուցիչները մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված եռօրյա ծրագրին


ՀՀԿ մարզային ԵԿ ներկայացուցիչները մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված եռօրյա ծրագրին

  • 20-02-2017 14:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 17-19-ը «Հայաթ Փլեյս» հյուրանոցում անցկացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Նոր Սահմանադրության հեռանկարներն ու մարտահրավերները 2017 թ. խորհրդարանական ընտրությունների համատեքստում» խորագրով ծրագիրը մարզերի ՀՀԿ-ական երիտասարդների համար: Ծրագրին մասնակցել են ՀՀԿ մարզային երիտասարդական կազմակերպության շուրջ 20 ներկայացուցիչներ: 
 
Ծրագրի մեկնարկին երիտասարդներին ողջունել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և կարևորել նման ծրագրերի անցկացումը հատկապես ընտրական գործընթացների շրջանում՝ դրանց շարքում առանձնացնելով Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը:
 
Ծրագրին ներկա են եղել նաև ԿԱՀ «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Բենիամին Ֆրիկեն և ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանը:
 
Թեմատիկ հատվածը մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դասախոսությամբ, որը հիմնականում վերաբերել է գաղափարների և տեղեկատվության տարածմանը տեղեկատվական տարբեր աղբյուրների միջոցով: ՀՀԿ փոխնախագահը անդրադարձ է կատարել տարբեր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին, խոսել համացանցային քարոզարշավի, նախընտրական քարոզարշավի բովանդակության և պոպուլիզմի մասին:
 
Նախընտրական շտաբերում տարվող աշխատանքների մանրամասներին երիտասարդներին ծանոթացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: 
Հաջորդիվ  ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Նվարդ Մելքոնյանը մասնակիցներին ներկայացրել է քաղաքական իմիջմեյքինգի հիմնական տարրերը, որին հաջորդել է խմբային աշխատանքներով արդյունքների ներկայացումը:
 
Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում հռետորական արվեստի հիմունքները, հանրային խոսքի և հարցազրույցների արվեստը երիտասարդներին ներկայացրել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանը: 
Վերջին դասախոսությունը՝ ինֆոգրաֆիկան որպես ընտրական քարոզչական գործիք թեմայով, վարել է www.infographics.am կայքի հիմնադիր, գրաֆիկական դիզայներ, բլոգեր Սեդրակ Մկրտչյանը:
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից հայտնում են, որ ծրագիրն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ: 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն