Հակահարվածների ժամանակը. Արամ Աբրահամյան


Հակահարվածների ժամանակը. Արամ Աբրահամյան

  • 20-02-2017 14:59:53   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ես տարբեր քաղաքական ուղղություններ ներկայացնող կին պատգամավորներից լսում եմ՝ եթե մեկը համարձակվի իմ կուսակցության եւ հատկապես իմ կուսակցության առաջնորդի հասցեին սխալ բան ասել, հակահարվածը սարսափելի կլինի:
 
«ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները երեկ բողոքեցին, որ իրենց դեմ արշավ է սկսված, ուստի նրանք նախապատրաստում են հակահարվածներ: Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան գրառումներում իր հետ չհամաձայնող մարդկանց հակահարվածներ է տալիս, որոնք սովորաբար սկսվում են՝ «ա՜յ ողորմելիներ» բացականչութունից: Ընդհանրապես բացեք Ֆեյսբուքը, եւ դուք կտեսնեք, որ այն բաղկացած է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների «նայեզդներից» եւ «հակահարվածներից»՝ «ոչինչ չի մնա անպատասխան» սկզբունքով:  Ընդ որում, զարմանալիորեն հարվածների ու հակահարվածների այս հոսքի մեջ ամենաքիչը երեւում է ՀՀԿ-ն՝ փոխադարձ «խոյահարումներ» կատարում են մնացած կուսացությունների քարոզիչները: Դե, պարզ է՝ ամեն մեկն ունի առնվազն մեկ կայք, եւ հիմա կուսակցական շտաբերը զբաղվում են իրենց քաղաքական ուժի մասին բացասական հրապարակումների փնտրտուքով եւ իրենց կայքերում «առժանի հակահարվածներ» կազմակերպելով: Ես հիշեցի, որ ավելի քան 20 տարի առաջ  մեր ամենափայլուն լրագրողներից մեկը՝ Գենոֆիա Մարտիրոսյանը, «Առավոտում» հոդված էր գրել Հայաստանում սեփականաշնորհման թերությունների մասին՝ օրինակներ բերելով գերմանական փորձից, թե ինչպես էին ապապետականցվել ԳԴՀ «ժողովրդական ձեռնարկությունները»: Իշխող կուսակցությանը հոդվածը դուր չեկավ, եւ նա իր պաշտոնաթերթում «հակահարված էր տվել» հետեւյալ վերնագրով` «Պատվերը կատարված է փողոցային մակարդակով»: Շատ ծիծաղեցինք Ժենյայի հետ, որովհետեւ ոչ այն ժամանակ, ոչ էլ հետագա տարիներին ես որեւէ մեկի մասին լավ կամ վատ բան գրելու պատվեր չեմ տվել: Ինձ թվում է, լայնախոհության պակասը դառնում է ոչ միայն հայաստանյան, ոչ միայն հետխորհրդային, այլեւ համաշխարհային «թրենդ»:
 
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իբր ասուլիս էր հրավիրել, իսկ իրականում հավաքել էր լրագրողներին՝ նրանց վրա «մուննաթ» գալու եւ նրանց հրապարակումներին «հակահարվածներ» տալու նպատակով: Լրագրողների հետ նա շփվում էր ճիշտ նույն եղանակով,  ինչպես որ դա անում է, ասենք, Լուկաշենկոն՝ այս հարցն այսպես պիտի լուսաբանեք, պիտի դրական լուրեր մատուցեք, Սպիտակ տան աշխատանքի մասին սաղ սուտ եք գրում եւ այլն: Թրամփի հաջորդ քայլը, ենթադրում եմ, կլինի սեփական լրատվամիջոցներ բացելը եւ այնտեղ «հակահարվածներ» տալը: Իսկ դուք փորձե՞լ եք ոչ մեկին ոչ մի հակահարված չտալ: Մի՞թե իսկապես կարծում եք, որ դա թուլության նշան կհամարվի: 
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play