«Beeline»-ը վերափոխում է իր ռազմավարությունն ու բիզնես-մոդելը


«Beeline»-ը վերափոխում է իր ռազմավարությունն ու բիզնես-մոդելը

  • 20-02-2017 17:17:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 20-ին այցելեց «ԱրմենՏել» ՓԲ ընկերություն: Նախարարին ընդունեց Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
 
Կողմերը քննարկեցին հեռահաղորդակցության ոլորտի ներկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ OTT (over-the-top) հավելվածների հետ խստացող մրցակցության պայմաններում, ինչպես մյուս օպերատորների դեպքում, «Beeline»-ի ձայնային ծառայություններից օգտվողների թիվը ևս նվազում է, 
հետևաբար կրճատվում են եկամուտները: Ֆինանսական կորուստները հատկապես միջազգային զանգերի մասով են:
 
Որպես հակաքայլ շուկայի մարտահրավերներին` ընկերությունը վերափոխում է իր ռազմավարությունն ու բիզնես-մոդելը՝ ավանդական ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից անցում կատարելով դեպի թվային ծառայություններ, այն է` բջջային ինտերնետ հարթակում ֆինանսական, հեռուստատեսային և այլ ծառայություններ:
 
Ռոումինգի գնի վերաբերյալ նախարարի հարցին ի պատասխան, Անդրեյ Պյատախինը հայտնեց, որ «Beeline»-ի կողմից սակագների վերանայում իրականացվել է: Ընկերության տնօրենի խոսքով` ներկայում իրենք Հայաստանում ամենամատչելի ռոումինգ ծառայությունն են մատուցում գրեթե բոլոր ուղղություններով:
 
Վահան Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու շուկայում գործող բոլոր օպերատորներին` բարելավելու հեռահաղորդակցական ծառայությունների որակը:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն