Մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը


Մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

  • 20-02-2017 18:25:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 20-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի հնգօրյա օպերատիվ հավաքը: Հայկական երկու hանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաև ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
 
Հավաքի առաջին օրը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հավաքի մասնակիցների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության հանրային և ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին, ինչպես նաև պատասխանել օպերատիվ հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
 
Ողջունելով հավաքի մասնակիցներին և ԶՈՒ ղեկավար կազմի գիտելիքների բարձրացման համատեքստում կարևորելով ամենամյա հավաքի դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ հանդես է եկել «Առաջնորդություն և կառավարում» թեմայով դասախոսությամբ:  «Յուրաքանչյուր հրամանատար իր մեջ համադրում է երկու կարևոր գործառույթ. կառավարչի, քանի որ նրան է վստահված կառավարելու իր ենթակայության ներքո գործող ստորաբաժանման գործունեությունը, և առաջնորդի գործառույթ, քանի որ հաջողության և արդյունքի հասնելու համար սպան, հրամանատարը պետք է առաջնորդի հատկանիշներ ու պատախանատվություն ունենան: Ուստի իմ՝ որպես պաշտպանության նախարարի ակնկալիքն է տեսնելու այս հատկանիշների դրսևորումը զինվորական ծառայության ընթացքում»,- ընդգծել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Օպերատիվ հավաքին ներգրավված անձնակազմի հետ հանդիպել և դասախոսել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և այլք:
Բանախոսներն անդրադարձ են կատարել ՀՀ տնտեսության ներկա վիճակին և զարգացման առաջնահերթություններին, առկա խնդիրներին, երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին, միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, ինչպես նաև ԶՈՒ պատրաստության և հակառակորդի հնարավոր ոտնձգություններին դիմագրավելու հարցերին:
 
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը նպատակ ունի հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և դասախոսությունների միջոցով մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, ԶՈՒ զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ՀՀ այլ ուժային կառույցների միջև փոխգործակցության հարցերը, իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով բարձրացնել ու կատարելագործել գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման, գործառութային պարտականությունների կատարման բնագավառներում, պաշտոնատար անձանց մոտ ձևավորել միասնական պատկերացումներ ու տեսակետներ բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն