«Արցախն ունի բոլոր նախադրյալները, որ ճանաչվի անկախ պետություն».ուրուգվայցի նախկին սենատոր


«Արցախն ունի բոլոր նախադրյալները, որ ճանաչվի անկախ պետություն».ուրուգվայցի նախկին սենատոր

  • 21-02-2017 12:04:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Հարցազրույցներ

Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեին, որպես դիտորդ, հետևել է նաև Ուրուգվայ-Արցախ ֆորումի անդամ, գրող, նախկին սենատոր, ուրուգվայցի Դոկտոր Օսկար Լոպես Գոլդարասենան:
 
 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դոկտոր Օսկար Լոպես Գոլդարասենան ասել է, որ առաջին անգամ է Արցախում:
 
«Առաջին հերթին ուզում եմ նշել, որ այժմ գտնվում եմ մի երկրում, որտեղ բոլոր պետական կառույցներն աշխատում են բավականին բարձր մակարդակով: Եվ ինչպես բազմիցս հնարավորություն եմ ունեցել ասելու, հիմա էլ եմ ասում, որ Արցախում ապրում է մի ժողովուրդ, որն արդեն ինքնորոշվել է: Արցախն ունի բոլոր նախադրյալները, միջազգային իրավունքը և պահանջները, որ ճանաչվի ինքնիշխան, ինքնավար և անկախ պետություն: Այսօրվա հանրաքվեից տպավորված եմ: Հանրաքվեին մարդկանց ակտիվություն եմ նկատել, տեղամասերից ոչ մեկում ոչ մի անկարգություն չեմ տեսել: Եղել եմ 6 ընտրատարածքներում՝ նաև շրջաններում,- ասել է Դոկտոր Օսկար Լոպես Գոլդարասենան և նշել,- ես իմ ամբողջ կյանքում առաջնորդվել եմ մարդու իրավունքների սկզբունքներով: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կասեն ուրիշները: Մարդիկ պետք է առաջնորդվեն իրենց իսկ սկզբունքներով: Ինձ համար պատիվ է լինել Արցախում՝ որպես Ուրուգվայ-Արցախ ֆորումի անդամ, որը մի կազմակերպություն է, որտեղ կան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ. այն միավորում է նաև անհատների և Ուրուգվայի ներկայացուցիչների: Կազմակերպության գործունեությունն ուղղված է Արցախի խաղաղության ուղիների փնտրմանը. այն հիմնվել է 1 տարի առաջ: Այստեղ կարևոր դերակատարություն ունի Ուրուգվայում ապրող հայկական համայնքը, որտեղ ապրում է 30 հազար հայ»:
 
«Ուրուգվայն առաջին պետությունն է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Հուսով եմ, որ նաև առաջին երկիրը կլինի, որ կճանաչի Արցախի անկախությունը»,- ասել է Դոկտոր Օսկար Լոպես Գոլդարասենան և ընդգծել, որ Արցախի նոր Սահմանադրությունն Արցախի ժողովրդի կողմից իրացվող մի գործընթաց է, որը պետք է հարգեն բոլոր պետությունները:
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ