Սրբոց Ղեւոնդեանց տօնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցաւ պարգեւաբաշխութիւն


Սրբոց Ղեւոնդեանց տօնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցաւ պարգեւաբաշխութիւն

  • 21-02-2017 17:43:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրուարի 21-ին Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին տօնախմբեց Ս. Ղեւոնդեանց քահանաների տօնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայոց Եկեղեցու թեմերում ու կառոյցներում սպասաւորող 230 եկեղեցականներ: 
 
Տօնի կապակցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում, նախագահութեամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ պարգեւաբաշխման արարողութիւն: 
Տէրունական միասնական աղօթքից հետո հոգեւորականաց դասին ողջունեց քահանաների հաւաքի կազմակերպիչ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը: Բերկրաշատ տօնի առիթով շնորհաւորելով Նորին Սրբութեանը եւ Հայ Եկեղեցու ողջ հոգեւորականաց դասին` Միքայէլ եպիսկոպոսն ընդգծեց, որ Ս. Ղեւոնդեանց տօնը նորոգութեան կոչ է բոլոր հոգեւորականներին, որպեսզի նրանք իրենց կեանքի ուղեկից ունենան Ս. Ղեւոնդեանց սխրանքը եւ նրանց բարի օրինակով իրենց պատերազմը մղեն՝ դիմագրաւելու արդի մարտահրավերները:
Յավարտ Սրբազան Հօր բացման խոսքի, տեղի ունեցաւ պարգեւաբաշխութիւնը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից լանջախաչ կրելու իրաւունքի արժանացան Արարատեան հայրապետական թեմից Արժանապատիւ Տ. Նշան քահանայ Ալավերդեանը, Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցուց Արժանապատիւ Տ. Մատաթիա քահանայ Գասպարեանը, Արագածոտնի թեմից Արժանապատիւ Տ. Սարգիս քահանայ Սարգսեանը եւ Արժանապատիւ Տ. Թադէ քահանայ Թախմազեանը, Վայոց Ձորի թեմից Արժանապատիւ Տ. Ներսէս քահանայ Արշակեանը, Սիւնյաց թեմից Արժանապատիւ Տ. Վահան քահանայ Հեբոյեանը եւ Արժանապատիւ Տ. Պարգեւ քահանայ Զեյնալեանը, Գուգարաց թեմից Արժանապատիւ Տ. Աբրահամ քահանայ Մարտիրոսեանը եւ Արժանապատիւ Տ. Գրիգորիս քահանայ Դերմենջեանը, Տավուշի թեմից Արժանապատիւ Տ. Սմբատ քահանայ Աբրահամեանը եւ Արժանապատիւ Տ. Արշավիր քահանայ Ասատրեանը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդութիւնից Արժանապատիւ Տ. Շնորհք քահանայ Շահինեանը եւ Արժանապատիւ Տ. Արիս քահանայ Խաչատրեանը, ինչպէս նաեւ Արժանապատիւ Տ. Վաղարշ քահանայ Իսախանեանը (Կենտրոնական Եւրոպայի պատուիրակութիւն) եւ Արժանապատիւ Տ. Կարապետ քահանայ Ղարիբեանը (Ուկրաինայի հայոց թեմ):
Պարգեւաբաշխութիւնից հետո ներկաներին իր օրհնութիւնն ու հայրապետական պատգամը բերեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 
Նորին Սրբութիւնն ուրախութիւն յայտնեց արդեն աւանդոյթ դարձած համախմբման համար, երբ Ս. Ղեւոնդեանց տօնի առիթով տարբեր թեմերում սպասաւորող եկեղեցականներ ժամանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ վերանորոգելու իրենց քահանայական ու ծառայական ուխտը:
Հայոց Հայրապետը նշեց, որ տօնը թե՛ Եկեղեցու սպասաւորներին, թե՛ հավատացեալներին առիթ է ընձեռում` ոգեշնչվելու Ս. Ղեւոնդեանց քահանաների պայծառ օրինակով, նմանուելու նրանց՝ առ Քրիստոս ունեցած իրենց հաւատքով եւ առ հայրենին ունեցած սիրով ու նվիրումով: 
Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ այս տօնը եկեղեցականներին նաեւ առաջնորդում է անդրադառնալու իրենց կոչմանն ու առաքելութեանը: Վկայակոչելով առաքելական խօսքը` «Քանզի ո՞վ է մեր հոյսը, կամ ուրախությունը, կամ մեր պարծանքի պսակը, եթէ ոչ դուք ի Տէր» (Ա Թես. Բ 19)` Վեհափառ Հայրապետը պատգամեց, որ եկեղեցականները հոգեւոր ծառայութեան արդիւնքում եւս կարողանան առաքյալի նմանողութեամբ հպարտանալ իրենց խնամքի ներքոյ գտնուողների առաքինի վարքով եւ քրիստոնէավայել կյանքով:
«Քահանայի հպարտութիւնը, արդարեւ, իրեն յանձնված հոտի անդամների քրիստոնէական բարի ընթացքն է, զորէղ, նվիրեալ հաւատքն առ Տէրը և հաւատարմութիւնը, նախանձախնդիր ծառայանուիրումը հանդէպ հայրենին: 
Մենք գիտենք, որ անհաւատութեան ութսուն տարիները մեծ հարված բերեցին մեր երկրին ու ժողովրդին, սակայն, փառք Աստծոյ, անցնող քսանհինգ տարիների ընթացքին մեծ աշխատանք տարուեց մեր Եկեղեցու եւ եկեղեցականաց կողմից, որպէսզի մեր զավակները վերստին իրենց հայացքով դառնան դէպի մեր Ս. Եկեղեցին, դէպի իրենց հայրերի սրբազան հաւատքը և իրենց կեանքն ապրեն Քրիստոսի պատգամների ու պատվիրանների համաձայն», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով նաեւ ներկայիս հոգեւոր կեանքից ներս արձանագրուած ձեռքբերումներին:
Այսօրվա կեանքի տարբեր փորձութիւնների եւ դժվարութիւնների պարագայում Հայոց Հովվապետը հոգեւոր հովիւներին պատգամեց մշտապէս լինել իրենց հաւատացեալ զավակների կողքին` նրանց եւ՛ մխիթարել, եւ՛, ի պահանջել յարկին, հանդիմանել, որպէսզի անսայթաք կերպով ընթանան Աւետարանի ճշմարիտ վարդապետութեան շավիղներով, կրողը լինեն այն բոլոր բարոյական արժէքների, որոնք արժանի են դարձնում Տիրոջ օրհնութեանն ու ողորմութեանը, հնարաւորութիւն ընձեռում Աստծու առջեւ կանգնելու զօրեղ հաւատքով ու առ հայրենին ունեցած սիրոյ հպարտութեամբ:
Ողջունելով Մայր Աթոռ ժամանած Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնից Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալեանի ներկայութիւնը` Ամենայն Հայոց Հայրապետն ի դեմս նրանց իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները յղեց նաեւ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներում եւ Սփիւռքի հայոց թեմերում սպասաւորող բոլոր եկեղեցականներին:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը յայտնեց թեմակալ առաջնորդներին` նրանց ուժ եւ կորով մաղթելով յետագա առաքելութեան մէջ: 
Նորին Սրբութիւնը նաեւ իր հայրական սերն ու օրհնութիւնը բերեց քահանայից դասին` յորդորելով իբրեւ նոր Ղեւոնդ երեցներ աներեր հաւատով շարունակել իրենց քաջարի, նախանձախնդիր եւ նվիրեալ ծառայութիւնն ի պայծառութիւն Հայոց Եկեղեցու եւ ի շենացումն Հայրենիքի:
Վերջում, Ս. Ղեւոնդեանց քահանայից տօնի առիթով վերստին շնորհաւորելով հոգեւորականաց դասին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երկնաւորից յայցեց, որ Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ խաղաղ պահի հայրենի երկիրը և հայ ժողովրդին` սիրով միաբան` միասնաբար լծուելու Հայրենիքի շինութեան եւ հոգեւոր կեանքի կերտման նուիրական գործին: 
Արարողութիւնն ամփոփուեց Հայրապետական «Պահպանիչ» աղօթքով:
 
 
 

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն