Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում չէ, քանի որ Ստամբուլում մասնակցում է Ղևոնդյանց քահանաների տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը․ այս մասին Tert.am-ին պատմեց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:
«Սահակ սրբազանն էլ պետք է մասնակցեր, բայց հոգևորականների և նրա միջև հարաբերությունները սրված են, այդ պատճառով չի եկել»,- ասաց նա՝ հավելելով, որ Արամ սրբազանը Էջմիածնում հինգշաբթի օրն է լինելու, որովհետև Ստամբուլից Երևան հաջորդ թռիչքը չորեքշաբթի լույս հինգշաբթի է լինելու:
Արա Գոչունյանը նշեց, որ Արամ Աթեշյանի՝ հինգշաբթի օրը Էջմիածնում լինելու հանգամանքը վաղուց է հայտնի, դա, ըստ նրա, համաձայնեցված էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ․-ի հետ:
Հիմա վեհափառի մոտ՝ Էջմիածնում են Պոլսո պատրիարքարանի եպիսկոպոս Սահակ Մաշալյանը և Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Նրանց բոլորին էլ վեհափառը հրավիրել է Էջմիածին Պոլսո պատիարքարանում տիրող վիճակը քննարկելու համար:
Նշենք, որ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ևս Պոլսո պատրիարքի ընտրությունների հնարավոր թեկնածուներից է:
«Գարեգին Բեքչյանը չորեքշաբթի օրը պետք է հետ գնար, սակայն վեհափառը կարգադրել է, որ Արամ Սրբազանի գալուն սպասի: Բուն քննարկումները հինգշաբթի և ուրբաթ օրերին կլինեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սահակ Մաշալյանի՝ Արամ Աթեշյանին ուղղված քննադատություններից և նրա՝ պատրիարքարանի հեռանալուն հաջորդած հայ համայնքի ժողովից հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պատրիարքարանի երկու եպիսկոպոսներին՝ Սահակ և Արամ սրբազաններին հրավիրել էր Էջմիածին: Հանդիպումը, ըստ այդ ժամանակ տարածված տեղեկատվության, նախատեսված էր երեքշաբթի՝ այսօր: