Տեղի են ունեցել լսումներ՝ թաեքվոնդո, բասկետբոլ և եռամարտ մարզաձևերի մասսայականացման ծրագրերի վերաբերյալ


Տեղի են ունեցել լսումներ՝ թաեքվոնդո, բասկետբոլ և եռամարտ մարզաձևերի մասսայականացման ծրագրերի վերաբերյալ

  • 21-02-2017 19:36:32   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում շարունակվում են  լսումները մարզաձևերի մասսայականացման ուղղությամբ: Այսօր այդ նպատակով տեղի է ունեցել հանդիպում թաեքվոնդո, բասկետբոլ և եռամարտ մարզաձևերի ֆեդերացիաների հետ: 
 
Նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը ներկաների հետ խոսել է հանդիպմանը  մասնակցող մարզաձևերի զարգացման և մասսայականացման համար առավելապես Հայաստանի Հանրապետության մարզերի մարզական ներուժի ուսումնասիրման անհրաժեշտության մասին: «Փորձենք համատեղ ուժերով նպաստել սպորտի մասսայականացմանը: Մեր այսօրվա հանդիպմանը մասնակցող մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքում մեծ ուշադրություն է դարձվում սպորտի բարձրագույն նվաճումներին: Խնդրում եմ ձեր աշխատանքային ծրագրերում տեղ հատկացնել նաև մասսայական սպորտին»,- ասել է Գ. Ղազարյանը:
Ներկաների կարծիքով՝ մարզերում սպորտի մասսյականացման համար մեծ ազդակ կարող է դառնալ ինչպես հանրահայտ մարզիկների անձնական օրինակը, այնպես էլ այդ տարածաշրջանում տվյալ մարզաձևի մասնագետի առկայությունը: Նրանք համակարծիք են եղել նաև, որ հնարավորության դեպքում կարելի է օգտվել հանրակրթական դպրոցների մարզաբազաներից՝ այդ դպրոցների մարզադահլիճներում և մարզադաշտերում մարզումներ կազմակերպելու համար: 
Նախարարի տեղակալը ներկաներին խնդրել է իրենց մարզաձևերի մասսայականացման նպատակով  երկշաբաթյա ժամկետում նախարարության համապատասխան ստորաբաժանմանը ներկայացնել առաջարկությունների փաթեթ և գործողությունների ծրագիր:   
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play