Թուրքիայի հայ համայնքը փոթորկվել է, հորդել է համբերության բաժակը


Թուրքիայի հայ համայնքը փոթորկվել է, հորդել է համբերության բաժակը

  • 22-02-2017 14:50:17   | Թուրքիա  |  Վերլուծություն

Երեկ Թուրքիայում ապրող մեր հայրենակիցները բաց նամակ են ուղղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որով խնդրում եմ Կոնստանդնուպոլսի (Ստամբուլի) հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանից պահանջել վերջինիս հրաժարականը:
 
Նամակում նշված է, որ այսօր՝ փետրվարի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ․-ի գլխավորությամբ մի հանդիպում պետք է լինի: Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ կայանալիք հանդիպումից առաջ էլ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց այս բաց նամակը հղել են կաթողիկոսին:
 
Նամակից ակնհայտ է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Թուրքիայի հայ համայնքին, համենայն դեպս, նրա բազմաթիվ անդամների հասցրել է պոռթկման կետի, որն այժմ դեռ արտահայտվել է խաղաղաբար, բաց նամակի տեսքով:
 
Ստորև արևելահայերեն թարգմանությամբ և հատվածաբար ներկայացնում ենք կաթողիկոսին ուղղված Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների բաց նամակը:
 
 
«Արդեն ութ տարի թափուր է Թուրքիայի Հայոց Պատրիարքական աթոռը,- նշված է բաց նամակում:- Եկեղեցու և համայնքի մի շարք անձինք իրենց անհատական հաշիվներով հետաձգեցին ընտրությունները: Այս երևույթը ավելի քան հինգ հազար ստորագրություններ պարունակող նամակով հանձնել էինք ձեր ուշադրության: Ափսոս որ Մայր Աթոռից ցարդ որևէ պատասխան չենք ստացել:
 
Անցնող ութ տարիների ընթացքում բազմաթիվ բացասական դեպքեր են պատահել: Ի դեմ մեր ավանդության, պետության ձեռքով փոխանորդ նշանակված Արամ արք. Աթեշյան սրբազանը ժողովրդի կամքից անկախ և անպատասխանատու կերպով է գործում պատրիարքի իրավասությամբ: Առաջնորդի հատկությունից զուրկ Արամ սրբազանը դժբախտաբար 1915 թվականի ցեղասպանության զոհերը անտեսելով, այդ կսկիծը սրտի խորքերում զգացող և իրողությունն ընդմիշտ աղաղակողների հոգիների մեջ խոր վերքեր է թողել»:
 
Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց բաց նամակում նշել են նաև, որ Պատրիարքարանը, որը խնդիրների լուծման վայրն է, ինքն է դարձել խնդրահարույց։ Նամակագիրները շատ հստակ ահազանգել են կաթողիկոսին՝ հոգեւորականներին չի հաջողվել ճնշումներին դիմադրել և դարձել են գործված սխալների մեղսակիցը։
 
«Իբր հետևանք, հայ համայնքի կապը տկարացած է իր եկեղեցու նկատմամբ,- շարունակելով բաց նամակը, գրել են Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները:- Հովվից զուրկ եկեղեցու համայնքը օրըստօրե կհալի։ Ի վերջո, համբերության բաժակը հորդել է ու մարդիկ սկսել են պատրիարքարանի դռան առջև բողոքի ցույցեր կատարել։
 
Վեհափառ տեր, բազում փորձանքներից հետո հասել ենք պատրիարքական ընտրության շեմին։ Գիտենք, որ ոմանք այս հանգրվանին էլ պետք է փորձեն ընտրությունը խաթարել, բայց մենք վճռակամ ենք։ Գիտակցում ենք, որ ընտրյալ պատրիարքը միայն եկեղեցու առաջնորդը չէ, այլ նաև պետության դիմաց Թուրքիայի հայոց ներկայացուցիչը:
 
Մեր եկեղեցու առկա տարակարծության խնդրի մեջ (հոգ չէ, թէ ուշացած) ձեր հայրական միջամտությունը գոհունակութեամբ կ՚ողջունենք:
 
Մենք՝ Թուրքիայի հայերս, որոշած ենք սեփական խնդիրները սեփական կամքով լուծել։ Հանուն պատրիարքական ընտրության արդար ու թափանցիկ կայացման,  կխնդրենք, որ թելադրեք Արամ սրբազանին փոխանորդի պաշտոնից հրաժարվել…»:
 
Նամակում նշվում է նաև ժողովրդի կամքը չեզոքությամբ ընդունելու անհրաժեշտության մասին: Եզրափակելով իրենց նամակը, Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները գրել են.
 
«Մեկ անգամ ևս շեշտում ենք՝ մենք ոչ թե եկեղեցական համայնքը գլխավորող մի հոգևորական, այլ ամբողջ հայ հասարակությունը պետության և օրենքների դիմաց ներկայացնող առաջնորդ ենք ընտրում: Մտահոգվելով և խնդիրները լուծելու ջանքով խրախուսած կլինեք մեզ»:
 
Բաց նամակը որդիական սիրով ստորագրել են Տիգրան Ալթունը, Նազարեթ Պինաթլը, բժիշկ Ավետիս Տեմիրը, Խոսրով Քեօլէդավիթօղլուն, Կարո Քաբրիելյանը, Դալար Հիսարլը Հորոզօղլին, Լուիզ Ալաչամը, դոկտոր Ադամ Սարգիսը, Նաթալի Պըլտըրճընը, Արփինե Չիզմեճիյանը, Կարպիս Էվեափանը, Հրաչեայ Սուրէնը, Նվարդ Պաքըրճըօղլին, Էլիզապետ Փեյնիրճին, Սուզան Սուզին, Սարգիս Քիչիկը, Արեն Տատըրը:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն