Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել շախմատի Երևանի պատանեկան առաջնության հաղթողներին


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել շախմատի Երևանի պատանեկան առաջնության հաղթողներին

  • 22-02-2017 19:16:39   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված շախմատի 2017 թվականի Երևան քաղաքի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը: 
 
Շնորհավորելով առաջնության մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շախմատային նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ է մաղթել նրանց:
«Պետք է փաստենք, որ այս մրցաշարի անցկացումը հրաշալի հնարավորություն է՝ բացահայտելու տաղանդաշատ մեր պատանիներին, ովքեր, համոզված եմ, հետագայում կշարունակեն հայկական շախմատի լավագույն ավանդույթները: Շախմատասեր մեր պատանիներին մաղթում եմ նորանոր հաջողություններ և ցանկանում, որ նրանք ոչ միայն Երևանի,  այլև հանրապետության ու միջազգային մրցաշարերում գրանցեն հաղթանակներ՝ բարձր պահելով Հայաստանի ու քաղաքամայր Երևանի պատիվը: Ինչպես և խոստացել էինք, այսօր Երևանի բոլոր վարչական շրջաններն ապահովված են շախմատի հարմարավետ դպրոցներով, որոնք գործում են անվճար և հնարավորություն են տալիս մատաղ սերնդին ստանալ շախմատային լիարժեք կրթություն: Թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու շնորհակալություն հայտնել նաև մրցաշարի կազմակերպիչներին: 
Չորս տարիքային  խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել է 218 երեխա։ Հարկ է նշել, որ առաջնության հաղթողներն իրավունք են ստացել պայքարելու Հայաստանի չեմպիոնի կոչման համար: 
Շախմատի 2017 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play