Իգնատի Առաքելյանը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ


Իգնատի Առաքելյանը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ

  • 22-02-2017 19:22:16   | Հայաստան  |  Տնտեսություն

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  պետ Իշխան Կարապետյանը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում և Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության և  զարգացման ռազմավարության ուղղությամբ իրականացվող քայլերին: Կողմերը մասնավորապես անդրադարձ են կատարել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող   հարցերին:
 
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կառավարության կողմից գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հայտարարելը էականորեն նպաստել է ոլորտի զարգացմանը, ինչի արդյունքներն ակնհայտ են: Նախարարը կարևորել է երկու երկրների  միջև փորձի փոխանակումը և հետագա համագործակցության ամրապնդումը:
 
 Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ ծրագրերի իրականացումն էապես կնպաստեն առևտրային հարաբերությունների զարգացմանը:
 
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Վրաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, պարարտանյութի և անասնակերի  արտադրությամբ զբաղվող  գործարաններ և գինու թանգարան:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվոթյան և
 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն