Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը Հայաստանում են


Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը Հայաստանում են

  • 23-02-2017 14:49:38   | Արմավիրի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ու եկեղեցական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանն արդեն ժամանել են Հայաստան, այստեղ նրանք Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցի շուրջ քննարկման շրջանակներում հանդիպում կունենան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպմանը կմասնակցի նաև Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, ում անունը նույնպես շրջանառվում էր նոր պատրիարքի թեկնածուների թվում:
 
Ինչպես նշում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ժամանակը»՝ ստամբուլահայությունը մեծ սպասումներ ունի այս հանդիպումից՝ հուսալով, որ Էջմիածնում վերջ կդրվի 2008թ.-ին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կոմայի մեջ հայտնվելուց հետո ստեղծված և 9 տարի շարունակվող անորոշությանը:
 
Նշենք, որ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված Արամ Աթեշյանին, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
 
Հիշեցնենք, որ օրերս մի խումբ ստամբուլահայեր բաց նամակ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին` խնդրելով միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի գործունեությանն ու ապահովել նրա հրաժարականը: 
 
Նամակում պոլսահայ մտավորականներն ու ականավոր գործիչները նշել են, որ առաջնորդական հմտություններից զուրկ Արամ Աթեշյանն արհամարհել է 1915-ին մեր մարդկային կորուստներն ու դրանով իսկ վերք է բացել Թուրքիայի հայության սրտերում, որոնք այդ ցավը տարել են իրենց հոգիներում և ամեն առիթի բարձրաձայնել այդ մասին: Վերջիններս շեշտել են, որ Աթեշյանի օրոք պատրիարքարանը վերածվել է ոչ թե համայնքի խնդիրները լուծող, այլև խնդիրներ առաջացնող կառույցի: 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play