Հաստատվել է «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026թթ. կառավարման պլանը


Հաստատվել է «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026թթ. կառավարման պլանը

  • 23-02-2017 16:08:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը հաստատել է «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026թթ. կառավարման պլանը և կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները:  Կառավարման պլանի գերակա նպատակն է ազգային պարկի գոտիավորումը առավելագունս համապատասխանեցնել Բնության պահպանության միջազգային միության 2-րդ կատեգորիայի համար սահմանված չափորոշիչներին: Սա նշանակում է, որ ազգային պարկի ընդհանուր տարածքի 75  %-ը պետք է կառավարվի այդ դրույթներին համապատասխան:
 
Ըստ Համաշխարհային բանկի, մոլորակի ամենաշատ, բայց թերի գնահատված բնական ակտիվները թերևս գտնվում են զարգացող երկրների ազգային պարկերում, որոնց ճիշտ գնահատումը և առևտրայնացումը հնարավորություն է տալիս վերանայել դրանց կարևոր տնտեսական արժեքը: Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կարող է կարևոր դեր խաղալ այս գործում, քանզի այն առաջարկում է քաղաքականության հզոր գործիք՝ բարելավել պարկերի տնտեսական կայունությունը և ծառայությունների որակը, ներգրավել արդյունավետ ներդրումներ և դրա միջոցով նպաստել կենսաբազմազանության պահպանման հիմնական գործառույթի իրագործմանը: Արդյունքում՝ էկոզբոսաշրջության կայուն զարգացումը կնպաստի գյուղական զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումների արդյունավետ իրականացմանը և կունենա տնտեսական զարգացման մուլտիպլիկատիվ ազդեցություն: Վերլուծությունների հիման վրա սահմանվել են ազգային պարկի գերակայությունները և զարգացմանն ուղղված միջոցառումները: «Դիլիջան» ազգային պարկի ընթացիկ աշխատանքների և սույն կառավարման պլանի իրականացման համար կառավարության համապատասխան  որոշմամբ նախատեսվում է վեց ծրագիր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն