Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին ամրացված տարածքը կնվիրաբերի Երևանին՝ նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով


Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին ամրացված տարածքը կնվիրաբերի Երևանին՝ նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով

  • 23-02-2017 15:08:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի էնդ Սայնս դայնամիքս» ընկերության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրին: Այն կնպաստի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտի մրցունակության զարգացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:  Պետական-մասնավոր համագործակցության հիման վրա նախատեսվում է իրականացնել լայնածավալ զարգացման ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծմանը, ֆինանսական գործիքների ներդրմանը, ձեռներեցության խթանմանը, կարողությունների զարգացմանն ու արտադրողականության բարձրացմանը, տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանը և օտարերկրյա ներդրումների խթանմանը: Նախատեսվում է նաև օգտագործել և ներգրավել սփյուռքի մարդկային և կառուցվածքային ռեսուրսները: Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման և խթանման ապահովման նպատակով պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում կստեղծվեն ներկայացուցչություններ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 3 մլն ԱՄն  դոլարի ներդրում:
 
 
Այլ որոշումներ
 
 
ՀՀ Սյունիքի, Արմավիրի և Շիրակի մարզերում նախատեսված առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Ըստ հիմնավորման՝ 2016-2017թթ. ձմռան ամիսներին հանրապետության գետավազաններում կուտակված բավական քանակությամբ ձյան պաշարը գարնան ամիսներին ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ու հորդառատ անձրևների պարագայում՝ գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ չիրականացնելու դեպքում, սելավների ու հեղեղումների աղետաբեր ներգործությունը կարող է հանգեցնել հսկայական նյութական վնասների:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա  քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանն աջակցելու նպատակով գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կառավարությունը որոշել է Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին  ամրացված տարածքը նվիրաբերել Երևանի համայնքին՝ Նուբարաշենում նոր մանկապարտեզ հիմնելու  նպատակով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն