Ամասիայում բացվել են Լեգո Լաբ, Իմփաքթ ու Սքայ ոչ ֆորմալ կրթության ակումբներ


Ամասիայում բացվել են Լեգո Լաբ, Իմփաքթ ու Սքայ ոչ ֆորմալ կրթության ակումբներ

  • 23-02-2017 18:42:40   | Շիրակի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Փետրվարի 23-ին Ամասիայում տեղի ունեցավ Լեգո Լաբ, Իմփաքթ ու Սքայ ոչ ֆորմալ կրթության ակումբների բացումը, որը նախաձեռնել էր Վորլդ Վիժն Հայաստանի Ամասիա Տարածքային ծրագրի գրասենյակը:
Լեգո լաբորատորիա հիմնելու  նպատակով Վորլդ Վիժն Հայաստանը կատարել է շուրջ 12 հազար դոլարի ներդրում` ձեռք բերելով անհրաժեշտ գույք` սեղաններ, աթոռներ, համակարգիչներ ու լեգո-հավաքածուներ: Ռոբոտաշինության կրթական կենտրոն հաճախելու են 12-ից 18 տարեկան թվով 25 դպրոցական, ովքեր մասնակցելու են շաբաթական երկու անգամ կազմակերպվող դասընթացներին: Ակումբում երեխաներն աշխատելու են «Լեգո» ապրանքանիշի  վերջին սերնդի EV3 սարքավորումներով։ Նախատեսվում է, որ ակումբը կունենա նաև եռաչափ տպիչ։ Ակումբի անդամ լինելով` երեխաները հնարավորություն կստանան տարվա ընթացքում մասնակցել տարբեր տեխնոլոգիական ցուցահանդեսների ու ամառային ճամբարների։
 
Լեգո Լաբի դասընթացավարը վճարվում է Վորլդ Վիժնի Ամասիայի գրասենյակի  կողմից, սակայն Ամասիայի գյուղապետարանի հետ կնքված հուշագրի համաձայն`  2018 թվականից դասընթացավարի վճարումն իրականացվելու է համայնքապետարանի կողմից: Ակումբ կարող են հաճախել ոչ միայն Ամասիայում բնակվող երեխաները, այլ շրջակա համայնքների երեխաները։
 
Միջոցառմանը պաշտոնապես ազդարարվեց նաև Իմփաքթ ակումբի բացումը, որը գործում է Ամասիայում 2016 թվականից` իր շուրջը միավորելով թվով 20  երեխայի։ Ակումբն արդեն ճանաչելիություն ունի համայնքում, քանի որ հասցրել է հանդես գալ համայնքային ծառայության ծրագրով։ Ակումբի ամբողջ գույքը նույնպես ձեռք է բերվել Վորլդ Վիժնի Ամասիայի գրասենյակի միջոցներով։ Այստեղ երեխաները հնարավորություն են ստանում ուսանել Ակտիվ քաղաքացիություն, Սոցիալական ձեռներեցություն, Աշխատունակություն և Առաջնորդություն:
 
Վորլդ Վիժնի Սքայ ակումբը, որն իր գործունեությունը մեկնարկելու է ս.թ. մարտից,  արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդների շրջանում։ Այս ակումբ հաճախելու են 18-28  տարեկան երիտասարդներ, ովքեր կարողանալու են զարգացնել իրենց տնտեսական հնարավորությունները և աշխատաշուկա մուտք գործել:
 
«Վորլդ Վիժն Հայաստանը կարևորում է, որ մեր երիտասարդները ունենան կրթության ոչ ֆորմալ ակումբներ հաճախելու հնարավորություն», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի Շիրակի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Նարեկ Թութխալյանը:
Վորլդ Վիժն Հայաստանի մասին
Վորլդ Վիժնը քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու  համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։ 
Կազմակերպության գործունեությունն իրականացվում է մի քանի ուղղություններով` երեխաների առողջություն և զարգացում, նրանց իրավունքների պաշտպանություն, երիտասարդների հզորացում ու տնտեսական զարգացում: 
Վորլդ Վիժնը գործում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում` ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքներում գրանցված շահառուներին։
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play