Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին


Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին

  • 23-02-2017 19:45:33   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի  գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ 
 
Ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակությանը, Վրաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների կազմով  տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ  ներկայացված նախաձեռնությունները  խթան կհանդիսանան  հարաբերությունների հետագա զարգացմանն ու  ամրապնդմանը։ Վրաստանի նախագահը  հույս է հայտնել, որ խորհրդարանական և կառավարական մակարդակներում կառուցողական համագործակցությունը լավ հիմք է   հարաբերությունների հետագա խորացման  համար՝ այդ թվում նոր ուղղություններով։
  Վարչապետ Կարեն Կարապետյանը, կարևորելով հայ-վրացական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել է, որ շփումները բոլոր մակարդակներում ինտենսիվ են, բայց տնտեսական համագործակցության ոլորտում առայժմ չի օգտագործվում ողջ ներուժը։ Վարչապետը վերահաստատել է, որ առարկայական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել վրացի գործընկերների հետ և  հույս  հայտնել, որ արդյունքները նոր թափ և որակ կհաղորդեն հետագա հարաբերություններին։ «Քննարկել ենք հայ-վրացական կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ։ Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի, մասնավորապես տարածաշրջանային նշանակության  ծրագրերի իրականացման առումով։ Հայկական կողմը պատրաստ  է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին այլ շուկաների հասանելիությունը բարձրացնելու համար։ Միաժամանակ վրացի մեր գործընկերների հետ ակնկալում ենք առավել սերտացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում»,-ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետը  շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայ համայնքի նկատմամբ  ցուցաբերած լավ  վերաբերմունքի, ինչպես նաև  պատմամշակութային արժեքների պահպանման համար։ 
  Ի պատասխան՝ Վրաստանի նախագահը կարևորել է հայ համայնքի գործուն մասնակցությունը Վրաստանի տնտեսական և մշակութային կյանքում։
  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն