Մի շարք ՀԿ-ներ միացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` վստահելով հատկապես Սեյրան Օհանյանին


Մի շարք ՀԿ-ներ միացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` վստահելով հատկապես Սեյրան Օհանյանին

  • 24-02-2017 14:52:22   | Հայաստան  |  Հասարակություն

Մի շարք հասարական կազմակերպություններ միացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, քանի որ վստահ են՝  այն  միակ քաղաքական ուժն է, որն ի վիճակի է երկրում կատարել համակարգային փոփոխություններ, ավելին՝ հասնել իշխանափոխության։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը։ 
 
Ըստ նրա՝  առաջիկա խորհրդարանական ընտրություններից շատ բան է կախված Հայաստանում փոփոխությունների հասնելու տեսանկյունից, հետևաբար այս ընտրություններին մասնակցելու հնարավորությունը բաց թողնելը Ա․Ղազարյանը համարում է հանցագործություն։ 
«Մենք հավատում ենք, որ այս դաշինքին միանալով կարող ենք համակարգային փոփոխությունների հասնել, ավելին՝  անել իշխանափոխություն, քանի որ այս իշխանություններն իրենց սպառել են` աղետալի վիճակի հասցնելով Հայաստանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խորը հարգանք է տածում թե Սեյրան Օհանյանի, թե Րաֆֆի Հովհաննիսյանի, թե Վարդան Օսկանյանի նկատմամբ։ 
Ա․ Ղազարյանի կարծիքով՝ Ս․ Օհանյանը միակ պաշտպանության նախարարն է եղել, ով կառավարության նիստերից հետո դուրս է եկել փողոց և հանդիպել հասարակ ժողովրդի հետ։ 
Ի դեպ` Արմենուհի Ղազարյանն իր թեկնածությունը ռեյտինգային ցուցակով առաջադրել է Կենտրոն թիվ 4 ընտրատարածքում:  
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միացած «Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռազմիկ Ռուշանյանի խոսքերով՝  ներկայիս քաղաքական դաշտում չկա որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով որոշ ժամանակ լինելով իշխանությունում, ինչ որ դրական գործ է կատարել Հայաստանի կամ հայ ժողովրդի համար: 
Այս տեսանկյունից նա քիչ թե շատ գործունյա քաղաքական գործիչ է համարում Սեյրան Օհանյանին:
«Այո, շատ հարցերում ես մեղադրում եմ Օհանյան Սեյրանին, բայց մյուս կողմից մտածում եմ, արդյոք նա կարող էր ինչ որ բան անել, եթե Սերժ Սարգսյանը նրան թույլ չէր տալիս, ինչքան ես հիշում եմ երկու անգամ Սեյրան Օհանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը չի ընդունվել»,- նշեց Ռ. Ռուշանյանը` հավելելով, որ իր ղկավարած կազմակերպությունը կհամագործակցի այն ուժի հետ, որը կընդունի իրենց կողմից արվող մի քանի առաջարկները: 
Բանախոսի փոխանցմամբ` այդ առաջարկները հետևյալն են. ա. համակարգի փոփոխություն, որն իր մեջ պետք է ներառի Հայաստանի երեք նախագահների իրավաքաղաքական գնահատականը, բ. Սերժ Սարգսյանի բոլոր պայմանագրերը պետք է վերանայվեն. գ. Սահմանադրության մեջ ներառել հատուկ կետ, որով կսահմանվի, որ իշխանության եկած քաղաքական ուժը, եթե չի կատարում նախընտրական շրջանում հանրությանը տված խոստումները, ապա պետք է հրաժարական տա կամ ավտոմատ կերպով հեռացվի իշխանություններից: 
«Այս առաջարկները պետք է ամրագրված լինեն իրավական փաստաթղթով, որպեսզի դրանք չկատարելու դեպքում կարողանանք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին դատի տալ»,- եզրափակեց Ռ. Ռուշանյանը: 
«Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության նախագահ Աշոտ Պողոսյանը  վերոնշյալ դաշինքին միանալու հիմնական շարժառիթ է  համարում պաշտպանության նախկին նախարարի` իր իսկ բնորոշմամբ`  կիրթ և բարեպաշտ ռազմական գործիչ լինելու հանգամանքը, ինչը նրան վստահություն է ներշնչել։
«Առհասարակ մեր կուսակցությունը բացասական վերաբերմունք ունի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ: Պատճառն այն է, որ մեր կուսակցության ծրագրի մեջ մենք ցանկություն ենք հայտնում վերադառնալ մեր ազգային ակունքներին»,- ընդգծեց նա` հավելելով, որ նոր ընտրակարգն ավելի է տարանջատում ազգային միասնականությունը: 
Նա մտավախություն ունի, որ այս ընտրությունները կհանգեցնեն որոշակի բախումների, իսկ դրանց արդյունքում տուժելու են հայորդիները:    
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միացել է նաև «Գնանք միասին» հասարակական կազմակերպությունը` ի դեմս նախագահ Մկրտիչ Գրիգորյանի: 
Վերջինիս պնդմամբ` մինչ վերոնշյալ դաշինքի ստեղծվելը, բազմիցս ուսումնասիրել և ծանոթացել են այլ քաղաքական ուժերի ծրագրերին, գնահատել նրանց ներկայացուցիչների գործունեությունը, արդյունքում համոզվել են, որ ներկայիս քաղաքական դաշտում ոչ մի ուժ լիարժեք վստահության արժանի քայլեր չի կատարել: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն