Ամփոփվել է կրթության որակի ապահովման շաբաթը


Ամփոփվել է կրթության որակի ապահովման շաբաթը

  • 24-02-2017 18:48:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Որակի շաբաթը ծառայեց նպատակներին՝ կրթության ոլորտի շահակիցները հնարավորություն ունեցան նոր ինֆորմացիա ստանալ, փորձով ու տեսակետներով  փոխանակվել»,- ասում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ամփոփելով փետրվարի 20-24-ին կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում տեղի ունեցած համաժողովները:
 
Նա վստահ է՝ որակի շաբաթվա մասնակիցները տեղի ունեցած բաց ու բովանդակալից քննարկումներից հետո բուհ են գնալու նոր գաղափարներով լցված և անմիջապես ձեռնամուխ են լինելու դրանց իրագործմանը:
Կրթության որակի ապահովման շաբաթն ամփոփող «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովին այսօր ներկայացվեց բուհերի հավատարմագրման փորձը Ռուսաստանում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում: Օտարերկրյա հավատարմագրման գործակալությունների ներկայացուցիչները մանրակրկիտ անդրադարձ կատարեցին օրենսդրական կարգավորմանը իրենց երկրում և բուհի՝ չհավատարմագրվելու օրենսդրական հետևանքներին:
Պարոն Թոփչյանը կարևորելով  միջազգային փորձի ներկայացումը՝ նշում է, որ  քննարկումների արդյունքում պարզ դարձավ՝  բոլոր երկրներում էլ  կրթական ոլորտում կան խնդիրներ,  որոշ խնդիրներ արդեն  լուծված են եվրոպական երկրներում, կան նաև խնդիրներ, որոնք դեռ ոչ մի տեղում լուծված չեն:  «Աշխարհը շեշտակի փոխվել է, իսկ համալսարանական անձնակազմը դեռ հստակ չի ընդունել, որ օրինակ՝ ուսանողն այլ կերպ է ուզում սովորել ու գնահատվել»,- ասում է նա:
Միջազգային փորձի ներկայացմանը հաջորդեց Հայաստանում առաջիկայում սպասվող կլաստերային աուդիտի քննարկումը: ՈԱԱԿ-ը ներկայացրեց  կլաստերային աուդիտի նպատակը, չափանիշները, ոլորտները և գործընթացի առանձնահատկությունները:  Շեշտվեց, որ աուդիտի արդյունքում  ստացած խորհրդատվությունների հիման վրա բուհերը կկարողանան բարելավել իրենց կողմից իրականացվող կրթական ծրագրերը, կներդրվի նմանատիպ ծրագրերի իրականացման լավագույն փորձը, նաև բուհերը կկարողանան  ցույց տալ իրենց ծրագրերի մրցակցային առավելությունները:  Բուհերի ներկայացուցիչները կլաստերային աուդիտի չափանիշների և գործընթացի քննարկումը շարունակեցին նաև  աշխատաժողովներով:
Պարոն Թոփչյանի խոսքով՝  որակի շաբաթվա ընթացքում եղած քննարկումները կամփոփվեն և դրանց հիման վրա առաջարկներ կներկայացվեն կառավարությանը, ԿԳ նախարարությանը և բուհերին:
Անդրադառնալով քննարկումներից դուրս բերված մարտահրավերներին՝ Պարոն Թոփչյանը նշում է, որ հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել կլաստերային աուդիտ. «Եթե բուհերն ինտենսիվորեն աշխատեն, ինչպես ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակ, ապա 2018-ին արդեն կունենանք ոչ միայն բացահայտված խնդիրներ, այլ նաև լուծումներ, ինչից նախ և առաջ կշահի ուսանողը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն