Դրամատուրգ Լիանա Անթառանյանն իր նոր ներկայացմամբ` սթափության կոչ է անում երիտասարդներին և նրանց ծնողներին (տեսանյութ)
25-02-2017 19:01:03 | Հայաստան | Հասարակություն
Երևանի կամերային թատրոնի բեմում պրեմիերա է. «Վահե» սիրային դրամայի հերոսը հանդիսատեսի հետ անուղղակի երկխոսության մեջ մտնելով` առաջին անգամ պատմում է իր անձնական դժբախտության մասին:
Սիրահարվելով իրենից մի քանի տարի մեծ կնոջ, ով նաև ճանաչված դերասանուհի է, Վահեն փորձում է ընտանիք կազմել, սակայն վերջինիս մայրը դեմ դուրս գալով տղայի ցանկությանը` նրանց բաժանում է և որդուն այլ աղջկա հետ ամուսանցնում` այդպիսով դառնալով երեք ճակատագրերի խեղման պատճառ:
«Հայկական իրականության մեջ արդիական այս թեման ներկայացման միջոցով վեր հանելու նպատակը մայրերին և նրանց զավակներին սթափեցնելն է»,- նշում է պիեսի բեմադրիչ, դրամատուրգ Լիանա Անթառանյանը:
Վերջինիս կարծիքով` «Վահե» մոնոներկայացումը դիտելիս պետք է հավասարապես դասեր քաղեն թե երիտասարդները, թե ծնողները, որպեսզի առաջիններն այլևս Վահեի նման թույլ չգտնվեն և պայքարեն իրենց սիրո համար, իսկ ծնողները` հատկապես մայրերը, վերջապես հասկանան, որ իրենց զավակների ճակատագիրը որոշողը չեն:
Հանդիսատեսի շարքերում գտնվող Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի գնահատմամբ` «Վահե» պիեսն ազատության և անձնական երջանկության կոչ է, քանի որ անգամ 21-րդ դարում դեռ շատ է այն ծնողների թիվը, ովքեր իրենց զավակներին ինքնուրույն ապրելու հնարավորություն չեն տալիս:
Իբրև գրականագետ` Աբգար Ափինյան իր հիացմունքն արտահայտեց Լիանա Անթառանյանի` որպես դրամատուրգի, դրամատիկական արվեստի ոլորտում ունեցած ամենաբարձր ձեռբերումների կապակցությամբ:
«Վահե» սիրային դրամայի հաջորդ ներկայացումը փետրվարի 28-ին է: