ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն

  • 24-02-2017 20:03:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատվիրակությանը, որի կազմում էին  Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Հենրիկ Յոհաննես Վիլեմ վան դեր Կլաաուն, հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, արտաքին հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:
 
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության իրականացրած աջակցության ծրագրերը, ինչպես նաև նախարարության հետ ակտիվ գործընկերությունն ու սերտ համագործակցությունը:
Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը և արդյունքները: Նա մասնավորապես նշեց, որ միջազգային ասպարեզում պետք է բարձրաձայնել կատարած հսկայական աշխատանքի մասին, ներկայացնել Հայաստանի փորձը՝ որպես փախստականներ ընդունող երկրի օրինակելի մոդել. «Մեկ շնչին ընկնող փախստականների թվով Եվրոպայում՝ Գերմանիայից հետո, Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում: Իսկ միջազգային կառույցների տրամադրած գումարը անհամեմատ քիչ է»: 
Նախարարն անդրադարձավ նաև սիրիահայերի զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին:
Հենրիկ Յոհաննես Վիլեմ վան դեր Կլաաուն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շեշտեց, որ տեղյակ է սիրիահայերի խնդիրների կարգավորման ուղղությամբ Սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերի, համակարգված և ակտիվ աշխատանքի վերաբերյալ: Նա մասնավորապես նշեց. «Հայաստանը առանձնահատուկ երկիր է՝ իր պատմությամբ ու մշակույթով: Սփյուռքի հետ աշխատելու եզակի փորձ ունեք: Հայաստանում սիրիահայերի ինտեգրման, նրանց խնդիրները համակարգելու, դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ նույնպես հսկայական  աշխատանք է կատարվել: Բարձրարժեք ու գովելի աշխատանք է: Շնորհակալություն: Ուզում եմ, շնորհավորել ձեզ, որ կարողացել եք ստեղծել սիրիահայերի հետ աշխատելու միասնական, գործուն համակարգ: Շնորհակալություն: Կշարունակենք մեր համագործակցությունը»:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play