Մեր երկիրը հասարակական աղետի մեջ է. երբ մեր երեխաներին դաստիարակելու, կրթելու կոչված հաստատության՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվում առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման համար ու նա կանգնում է դատարանի առաջ, անհրաժեշտ է, որ բոլորս մտածենք այդ աղետի, դրա պատճառների և աղետից դուրս գալու հնարավոր ելքերի մասին:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակչուհի Անաիդա Շահնազարյանը մինչև 2015թ. մարտի 2-ը զբաղեցնելով «Երևանի թիվ 64 հիմնական դպրոց» ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն դպրոցի տարբեր ազատ հաստիքներում 2009-2015թթ. ընթացքում գրանցելով 12 քաղաքացիների, վերջիններիս կողմից աշխատանքի վայր փաստացի չհաճախելու պայմաններում նրանց անվամբ բյուջեից ելքագրել, ստացել և յուրացրել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուրը 12 մլն 3240 դրամ աշխատավարձերի և այլ պարտադիր վճարների գումարներ:
Նույն քր. գործով մեղադրանք է առաջադրվել նաև Քնարիկ Մալխասյանին: Համաձայն մեղադրական եզրակացության, նա հանդիսանալով հիշյալ դպրոցի պահակը և մտերիմ լինելով դպրոցի այժմ արդեն նախկին տնօրենի` Ա. Շահնազարյանի հետ, նրա դիմել է խնդրանքով, որպեսզի դպրոցի ազատ հաստիքներին գրանցի իր որդուն` Դ. Մալխասյանին, եղբորը` Ս. Մալխասյանին և եղբորորդուն` Ա. Մալխասյանին, վերջիններիս անվամբ աշխատավարձերի և պարտադիր այլ վճարների գումարներ ելքագրելու և դրանք անձամբ տնօրինելու ակնկալիքով: Այնուհետև, ըստ քր. գործի նյութերի, Ա. Շահնազարյանի համաձայնությամբ և հրամանով նշված երեք անձինք գրանցվել են դպրոցում որպես տեխնիկական աշխատակիցներ, փաստացի աշխատանքի վայր չեն հաճախել, իսկ նրանց անվամբ բյուջեից ելքագրվել են աշխատավարձերի և այլ պարտադիր վճարների գումարներ՝ ընդհանուրը 4 307 738 դրամի չափով, որոնք ստացվել և տնօրինվել են Ք. Մալխասյանի կողմից, ինչի արդյունքում վերջինիս օժանդակությամբ տնօրեն Ա. Շահնազարյանը վատնել է ավելի քան 4մլն դրամի հասնող վերոնշյալ գումարը:
Վերոնշյալ արարքների համար Անաիդա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 3-րդ մասի 1-ին կետի, իսկ Քնարիկ Մալխասյանին 38-179-րդ հոդվածի (յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: