«Խանուման» ներկայացումը հանդիսատեսի պակաս չունի


«Խանուման» ներկայացումը հանդիսատեսի պակաս չունի

  • 27-02-2017 15:48:30   | Հայաստան  |  Մշակույթ

Փետրվարի 26-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ Ա. Ցագարելիի «Խանումա» հոբելյանական ներկայացման ցուցադրությունը: Մեզ հետ զրույցում ներկայացման բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն ասաց, որ այն թվով 800-րդն է: 
Ա. Գրիգորյանի փոխանցմամբ՝ առաջին անգամ «Խանումա» ներկայացումը ռուսական թատրոնի բեմ  բարձրացել է 1974թ.-ին: 
 
«Ունիկալ ներկայացում: Այն հյուրախաղերով հանդես է եկել ՌԴ, Ուկրաինայի տարբեր քաղաքներում եւ ամենուր մեծ ոգևորությամբ է ընդունվել: Յուրաքանչյուր անգամ հանդիսասրահը, բառի բուն իմաստով, պայթում է ծափերի տարափից»,- ոգևորությամբ պատմում է Ա. Գրիգորյանը: 
Բեմադրիչն ընդգծում է, որ «Խանուման» խաղացանկային ներկայացում է, և մինչ օրս հանդիսատեսի պակաս չունի, իսկ դա, ինչու ոչ, հպարտանալու առիթ է: «Այն մեծ մասսայականություն է վայելում. ներկայացումը մշտապես խաղացվում է լեփ-լեցուն դահլիճներում: Նույնը կարող եմ ասել նաև Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացման մասին, բայց դա զրույցի այլ թեմա է»: 
Ալ. Գրիգորյանը նաև ասաց, որ այսօր ներկայացման ավարտին՝ աչքերին արցունքներ են հայտնվել. «Դա ուրախության արցունքներ են, և ես երջանիկ եմ: Շատ եմ ուզում, որ այսպիսի ոգևորությամբ խաղանք նաև 1000-րդ ներկայացումը: Շնորհակալ եմ  բոլոր դերակատարներից. նրանք ջանք ու եռանդ չեն խնայում: Նրանք իրենց անկեղծ ու վարակիչ խաղով գրավում են հանդիսականին առաջին իսկ րոպեներից, ու մի պահ, գուցե, կտրում հոգսաշատ կենցաղից»:
Նշենք, որ ներկայացումը բարձր են գնահատել նաև թատերական գործիչներն, ինչի մասին վկայում են բազմաթիվ թատերախոսություններն ու տպագիր նյութերը: 
 
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Լուսանկաները`Գևորգ Զուռնչյանի
 
Նոյյան տապան  -   Մշակույթ