Մեկնարկել է դատավորի և դատախազի թեկնածուների մասնագիտական պատրաստումը


Մեկնարկել է դատավորի և դատախազի թեկնածուների մասնագիտական պատրաստումը

  • 27-02-2017 16:59:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փետրվարի 27-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Ունկնդիրների թվում են դատավորի 19 (9-ը՝ քաղաքացիական, 6-ը՝ քրեական, 4-ը՝ վարչական մասնագիտացումներով) և դատախազի 21 թեկնածու: Ունկնդիրների ուսումնառության տևողությունը 7,5 ամիս է՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
 
Առաջին դասից առաջ ունկնդիրներին ողջունեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը շնորհավորեց նրանց Ակադեմիայի ունկնդիրների շարքերը համալրելու կապակցությամբ և հաջող ուսումնառություն մաղթեց: Սերգեյ Առաքելյանն ունկնդիրներին նաև հակիրճ ներկայացրեց Ակադեմիայում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները:
<<Բարդ և պատասխանատու ընտրություն եք կատարել, և ուսումնառության ողջ ընթացքում Ակադեմիայի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայի ուսումնական գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար>>,-նշեց ռեկտորը: Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ նախատեսվում են մի շարք համատեղ դասընթացներ դատավորի և դատախազի թեկնածուների համար: 
Սերգեյ Առաքելյանն ունկնդիրներին նաև տեղեկացրեց, որ ամենամսյա հանդիպումներ են անցկացվելու ռեկտորի հետ, ունկնդիրների առաջարկները քննարկելու և դրանց լուծմամբ ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Ռեկտորը բարի երթ մաղթեց ունկնդիրներին և հույս հայտնեց, որ ուսումնառության ավարտին Ակադեմիան այսօրվա ունկնդիրների թվով շրջանավարտներ կունենա, որոնք կհամալրեն գործող դատավորների և դատախազների շարքերը:
 
Արդարադատության ակադեմիա
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն