Եթե նույնիսկ ՀՅԴ-ն է իր հույսը, իրավապահ մարմիններից և իշխանություններից կտրած, դրել ինքնադատաստանի վրա, պատկերացրեք, թե ինչ է սպասվում


Եթե նույնիսկ ՀՅԴ-ն է իր հույսը, իրավապահ մարմիններից և իշխանություններից կտրած, դրել ինքնադատաստանի վրա, պատկերացրեք, թե ինչ է սպասվում

  • 27-02-2017 19:47:36   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին դեռ ավելի քան մեկ ամիս ժամանակ կա, բայց այն, ինչ կատարվել է վերջին օրերին, հուշում է, որ մի այլ կարգի տուրուդմփոց է լինելու: Ի դեպ, այդ մասին հուշում է նաև հայաստանյան տխրահռչակ ընտրությունների նախորդած խայտառակ փորձը:
Ինչո՞ւ մի այլ կարգի… Այն պարզ պատճառով, որ ընտրվելու է ոչ թե սովորական, այլ Հայաստանում աննախադեպ լիազորություններով Ազգային ժողով, որին, ըստ էության, անցնելու են հանրապետության նախագահի կարևորագույն լիազորությունները: Այս պարագայում, բնականաբար, բարձրանում են պատգամավորի դերը, նշանակությունը, կշիռը, պատգամավորական աթոռի արժեքը և, եթե ընտրակաշառքները նկատի ունենանք, նաև գինն է բարձրանում: Սպասվում է նախորդած բոլոր ընտրություններից ավելի սուր մրցակցություն ու քրեական արտահայտություններ ունեցող դաժան պայքար: Դրա համար կան նաև հարակից այլ պատճառներ՝ «ռեյտինգային» կոչված ընտրությունների օրենսդրական նորամուծությունը, որոշ ընտրատարածքների միավորումը…
Տրամաբանորեն ամեն ինչ շատ պարզ է՝ բազմաթիվ անձինք (այստեղ դժվարացա «մարդ» բառը գործածել) իշխանության ուզուրպացիայի միջոցով խորհրդարանում ու գործադիրում ձեռք են բերել լուրջ, ազդեցիկ, մեծ իրավասություններ տվող ու մեծ հնարավորություններ ընձեռող պաշտոններ, նրանցից պատգամավորները նաև՝ պատգամավորական անձեռնմխելիություն: Նրանք այդ ամենն օգտագործել են պետությանն ու ժողովրդին այս կամ այն կերպ թալանելով, շահագործելով, նյութապես հարստանալու, ահռելի գումարների և ունեցվածքի տեր դառնալու համար:
Ի՞նչ խոսք, ախորժակները գայլային է… Իրենց և իրենց մերձավորների (զոքանչի և այլոց) անուններով մի քանի տուն և ավտոմեքենա են ձեռք բերել, տիրել հանքերի, մեր հայրերի ու մեր վաստակը հանդիսացող, բայց «շան մսի գնով» իրենց պես «կապույտ արյուն» ունեցող արտոնյալներին սեփականաշնորհված ձեռնարկությունների, տեր դարձել սուպերմարկետների, ռեստորանների, հյուրանոցների, գազալցակայանների, բենզալցակայանների, արտադրասկան և այլ շահութաբեր կամ գերշահութաբեր օբյեկտների: Մի քանի տուն և ավտոմեքենա էլ սիրուհիներին են նվիրել, նրանց կամ իրենց կանանց հետ տարին մի քանի անգամ պտտվում են աշխարհի տարբեր երկրներում, վայելում կյանքը՝ թքելով այն իրողության վրա, թե ժողովուրդը Հայաստանում ինչ վիճակում է ապրում: Սրան գումարած նաև իրենց պաշտոնական պարտականությունները չկատարելը կամ շատ վատ կատարելը, պետբյուջեի փողերով անհատապես, խմբով կամ տարբեր պատվիրակությունների կազմում արտերկիր գործուղվելը, այդ ուղևորությունները զբոսաշրջային նպատակներին ծառայեցնելը:
Է՞, հիմա մի պարզ հարց՝ հեշտությամբ, առանց կռվի ու նույնիսկ արյուն թափելու, նրանք կհրաժարվե՞ն այս ամենից… Իհարկե՛ ոչ: Նրանցից ոմանք որքան էլ մտավոր կարողություններով չփայլեն, այնուամենայնիվ, շատ լավ հասկանում կամ գոնե զգում են իրենց հանդեպ ժողովրդի մեծ ատելությունը, գիտակցում, որ դիրք, պաշտոն, իշխանություն կորցնելուց հետո մի օր կարող է պատասխան տան…
Խոսելով առաջիկա ընտրությունների ժամանակ ու դրանից հետո մեծ տուրուդմփոցի հավանականության մասին, բոլոր նորմալ մարդիկ ասում են՝ «Աստված ոչ անի…»: Իհարկե, լավ է Աստծո վրա հույս դնելը, բայց չմոռանանք, որ երկիրը ներքաղաքական և միգուցե աղետալի (թշնամին մեր դռանն է մշտապես սպասում է հարմար պահի…) ցնցումներից զերծ պահելու, բռնության, զոռբայության տարբեր դրսևորումները կանխելու պարտականությունն առաջնահերթորեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն է, իրավապահ մարմիններինը և, ընդհանրապես, իշխանությանը: Այս առումով, բնականաբար, պատասխանատվություն է կրում նաև իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն:
Վերջին շրջանի իրադարձությունները տեղիք են տալիս հիմնավոր մտահոգության, որ իշխանությունները, ցավոք, մտադիր չեն կատարել և չեն կատարելու իրենց այդ կարևոր պարտականությունը: 
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱԺ պատգամավոր, նախկինում ԲՀԿ-ական, ներկայումս ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանը մարդ է ծեծել:
«Պատգամավոր Առաքելյան Բազմասերի սիրտը ծե՞ծ է սիրում
ԲՀԿ-ից փախած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, այսօր ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում,- գրել է Գեղամ Մանուկյանը:- Ընդ որում, ի տարբերություն այլ նման միջադեպերի, ապականել է «Օջախ» հասկացությունը, որը սրբություն է համարվում մեր ժողովրդի համար։ Թեկնածուի մի քանի տասնակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցություն փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Չբավարավելով դրանով, բացի կուսակցական ճամբարներ փոխելուց խորհրդարանում որեւէ բանով աչքի չընկած մարզկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաեւ տուժածի եղբոր վրա։ Սակայն այս անգամ, անազնիվ մի քանի տասնակով մեկի դեմ տարբերակը չի գործել ու նրանք պատասխան են ստացել։ Վիճակը լարված է: Դաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած ՀԱՄԱԿԻՐ ու  կուսակցական ԸՆԿԵՐ անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն էլ անպայման կստանա»։
Եթե 2016թ. փետրվարին ՀՀԿ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրած ՀՅԴ-ն է իր հույսը, իրավապահ մարմիններից և իշխանություններից կտրած, դրել ինքնադատաստանի, ծեծին ծեծով պատասխանելու վրա, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին է լինելու ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ի, Օհանյանի շուրջ համախմբված դաշինքի և այլ ուժերի արձագանքն իրենց անդամների, թեկնածուների, համակիրների հանդեպ բռնության դրսևորումների նկատմամբ: Եվ թող որևէ մեկը կասկած չունենա, որ այդպիսի դեպքերում վերջիններս կվայելեն ժողովրդի աջակցությունը, շատերը կմտածեն՝ լավ են անում, երբ իրավապահները, իշխանությունները, պետությունը տեր չեն կանգնում, իրենք իրավունք ունեն իրենց մարդկանց ֆիզիկականն ու պատիվը պաշտպանելու:
Հիմա տեսնենք, թե ՀՅԴ-ն արդյոք ունի՞ հիմքեր՝ իր հույսն իշխանություններից կորցնելու և ինքնադատաստանին ապավինելու համար…
Մի՞ թե հիմքն չէ այն, որ իրավապահները Գեղամ Մանուկյանի գրած վերոնշյալ դեպքի առնչությամբ այս պահի դրությամբ դեռ որևէ բան չեն հայտնել, բացի ՀՀ գլխավոր դատախազության հայտնածից, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ԶԼՄ-ների հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար: ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության կայքերում այս մասին բառ անգամ չկա: Սա՞ է հայաստանյան իրավապահների օպերատիվ աշխատանքը՝ այն դեպքում, երբ Փարպի գյուղի բնակիչներին առնչվող հիշյալ տուրուդմփոցը բազմաթիվ մարդկանց մասնակցությամբ, ենթադրելի է, նաև ներկայությամբ և ակներևության պայմաններում է կատարվել: Պատկերացրեք, թե հիմա, թեկուզ մեկ օրվա ընթացքում, ինչպես վարված կլինեին իրավապահ մարմինները, եթե Դաշնակցության աջակցությունն ու պաշտպանությունը վայելող անձանց նկատմամբ բռնության հեղինակը, կազմակերպիչը, մասնակիցները շարքային քաղաքացիներ լինեին:
ՀՅԴ-ի՝ ինքնադատաստանի վրա հույս դնելու համար մի՞ թե հիմք չէ այն, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկ այլ դեպքի առնչությամբ 2 օր առաջ հայտարարել է՝ «…ընտրություն ա, ամեն ինչ էլ կարա լինի», և կուսակիցներից որևէ մեկը չի ասել, թե այ ընկեր կամ պարոն, այս ի՞նչ ես ասում, ինչպե՞ս թե ամեն ինչ էլ կարող է լինել, չէ՞ որ ամեն ինչ չէ, որ թույլատրելի է, իսկ բաներ էլ կան, որ քրեորեն պատժելի են:
Հիշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին այն մասին, որ ԱԺ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի և Մուրադ Մուրադյանի (երկուսն էլ ՀՀԿ-ական թեկնածուներ) կողմնակիցների մասնակցությամբ Մասիսում ս. թ. փետրվարի 24-ի գիշերը մեծ ծեծկռտուք է եղել: Ըստ այդ հրապարակումների, ծեծի է ենթարկվել Ա. Գրիգորյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Հակոբյանը, ոստիկանությունը նույնիսկ ոմանց բերման է ենթարկել:
Փետրվարի 25-ին տարածքային ցուցակներով առաջադրված հանրապետական թեկնածուների հետ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձ կատարելով Մասիսում ՀՀԿ-ական թեկնածուների թիմակիցների մասնակցությամբ ծեծկռտուքին, ասել է, որ պետք է լինի մրցակցություն, ինչը բնական է, մրցապայքարն ընտրական օրենսգրքով է նախատեսված: Հայտնի չէ միայն, թե ծեծկռտուքը Հայաստանում այդ ո՞ր օրվանից է համարվում մրցակցություն կամ մրցապայքար:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական