ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել


ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

  • 27-02-2017 19:44:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ փետրվարի 27-ին նիստ է գումարել:
 
Առաջին ընթերցումով քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Գործադիրն առաջարկում է հանել/դադարեցնել տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման եւ գանձման առավել պարզ եւ արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու եւ դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը:
 
Քննարկման արդյունքում օրինագիծն հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել նաեւ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելուն առնչվող հարցը:
 
«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հատուկ ընթացակարգ սահմանելու առաջարկի վերաբերյալ եւս հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
 
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ հանձնաժողովի դրական եզրակացությունն են ստացել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթները, որոնք հանձնաժողովի քննարկման է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն