Մի՞ թե Ադրբեջանի ՊՆ-ի նոր հայտարարությունից հետո էլ դասեր չենք առնելու, շարունակելու ենք արդեն անընկալելի մարդասիրությունը
28-02-2017 11:13:48 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն երեկ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախօրեին, ժամը 16.40-ի սահմանում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
««Մեր զինծառայողների մարմինները չեն գտնվում հայերի ձեռքում, որպեսզի նրանք վերադարձնեն: Այդ տարածքները գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության տակ: Այնտեղ միջազգային միջնորդների ներկայությունը պայմանավորված է նրանով, որպեսզի էլ ավելի արյուն չթափվի... »,- ժամը 16.40-ի սահմանում, այսինքն այն պահին, երբ հայկական կողմի դրսևորած բարի կամքի արդյունքում արդեն ավարտված էր չեզոք գոտում ընկած հակառակորդի դիակների տարհանումը, նման հայտարարությամբ հանդես եկավ Ադրբ.-ի ՊՆ-ն,- գրել է Սենոր Հասրաթյանը:- Հիշեցնենք, որ նույն այս անգլուխները ժամեր առաջ աշխարհով մեկ վայնասուն էին բարձրացրել, թե «հայկական կողմի առաջադրած նոր պայմանների պատճառով դիակների դուրսբերման գործընթացը ձախողվել է... »:
Մեզ վաղուց հայտնի է, որ ճակատագրի հեգնանքով մեր աշխարհագրական տարածքում հայտնված այս հարևանը զուրկ է բարոյականի հետ առնչություն ունեցող որևէ արժեհամակարգից, բայց որ նա անընդունակ է մտապահելու անգամ ժամեր առաջ իր իսկ կողմից արված հայտարարություն-խոստովանությունը, դա արդեն դուրս է բանականի սահմանից»:
Թշնամին ոչնչով չի զարմացնում, նա նույնն է, ինչ նախկինում է եղել: Իզուր է Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, հեգնանքով թե անհեգնանք, զարմանում, բանականի սահմանից արդեն դուրս համարում, թե Ադրբեջանն անընդունակ է մտապահելու անգամ ժամեր առաջ իր իսկ կողմից արված հայտարարություն-խոստովանությունը: Ադրբեջանն իրականում ոչինչ էլ չի մոռացել, մտապահելու անընդունակություն կամ դժվարություն չունի, նրա համար կարևորը միջոցների միջև խտրություն չդնելով, թեկուզ բարոյական նորմերի վրա թքելով, իր ուզած արդյունքին գործնականում հասնելն է և, ինչպես փորձը կամ նախադեպերն են վկայում, նա հասնում է այդ արդյունքին:
Այս դեպքում Ադրբեջանի ՊՆ-ի հիշյալ հայտարարությունը դրանից քիչ առաջ իր իսկ կողմից արված հայտարարություն-խոստովանությունը մտապահելու անընդունակության հետևանք չէ: Պարզապես մեր այդ ոչուբարով հարևանը նույն նենգն ու կեղծավորն է, ինչ ճանաչում ենք վաղուց ի վեր: Այդ մե՛նք ենք շատ արագ մոռանում կամ անտեսում, որ թշնամուն ամեն անգամ թույլ տալով տանել մեր զավակներին, մեզ ու մեր ծնողներին սպանելու եկած իր զինծառայողների, ավելի ճիշտ, մարդասպանների լեշերը, այդպիսով մեղմում ենք Իլհամ Ալիևի և նրան ենթակա իշխանությունների դեմ Ադրբեջանի հասարակության զայրույթը, թույլ չտալով, որ այն հասնի պոռթկման աստիճանի: Մեղմում ենք նաև այդ մարդասպանների մերձավորների և ադրբեջանական հասարակության այն արժանի, արդարացի ցավը, որ նրանք պետք է ստանային այս կողմ ուղարկած իրենց մարդասպանների ոչ միայն սատակելուց, այլև նրանց լեշերը չստանալուց: Ցա՛վ, որից միգուցե հետևություններ կատարեին ու նորանոր մարդասպանների չուղարկեին Արցախ և Հայաստան, կամ գոնե սահմանափակեին նրանց գործուղումները Ալլահի գիրկ…
Ավելին. Ադրբեջանին թույլ տալով իր մարդասպանների լեշերը տանել, մենք Ադրբեջանի ՊՆ-ին և այդ պետության ղեկավարությանը հնարավորություն ենք ընձեռում կեղծել իրականությունը, ինչպես հերթական անգամ այս դեպքում են վարվել: Թույլ ենք տալիս իրենց հասարակությունից թաքցնել բանակի խայտառակ ձախողումը, իրենց զինվորների լեշերը ստանալուց հետո հանդես գալ այսպիսի ամբարտավան կեցվածքով և հայտարարությամբ:
Հայկական կողմը մինչև ե՞րբ պետք է տեղի տալով երկակի ստանդարտներով առաջնորդվող, դրանով իսկ իրեն վաղուց խայտառակած պոռնկաբարո Եվրոպայի հորդորներին կամ ճնշմանը, թույլ տա, որ Ադրբեջանը տանի չեզոք գոտում մնացած իր մարդասպանների լեշերը: Չէ՞ որ Ադրբեջանը մեր ուղղաթիռը խոցելուց հետո թույլ չտվեց տանել չեզոք գոտում գտնվող մեր օդաչուների դիերը, դրանք մենք կարողացանք այնտեղից հանել, բերել մահն աչքերի առաջ առած մեր մարտիկների հերոսական գործողության շնորհիվ:
Կարծում եմ, այս և այսպիսի դեպքերում Արցախի իշխանությունները ստիպված են լինում կատարել ՀՀ արտգործնախարարությունից կամ նախագահականից եկած պահանջը, իսկ այստեղից էլ պահանջում են, որովհետև Եվրոպայի հետ «բազարների» մեջ են, վարկեր, դրամաշնորհներ, իրավունքներ ստանալու ակնկալություններ ունեն: Բացի այդ, իշխանավորներից ոմանց, ինչպես ասում են, տակերը մաքուր չեն, վախենում են, որ Եվրոպայի կամքին ընդդիմանալու դեպքում իրենց վարկաբեկիչ, միգուցե քրեական սկանդալի տեղիք տվող «դոսյեները» կհրապարակվեն: