Փետրվարի 27-ին Չարենցավանում կայացել է 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Նախարարի տեղակալը կարևորել է երիտասարդական ծրագրերի մարզակենտրոն ուղղվածությունը և այդ շրջանակներում արդեն ամենամյա դարձած «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը: Արսեն Քարամյանը պաշտոնական հավաստագիրը հանձնել է Չարենցավանի քաղաքապետին և բարի երթ մաղթել տարվա ընթացքում նախաձեռնվող բոլոր միջոցառումներին ու ծրագրերին:
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն իր խոսքում կարևորել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ ակտիվ համագործակցությունը և հավաստիացրել, որ Չարենցավանը լինելու է լավագույնը մյուս քաղաքների շարքում:
Միջոցառման պաշտոնական մասին հաջորդել է համերգային ծրագիրը՝ Չարենցավանի տաղանդաշատ երիտասարդների, «Ալեքսանդրապոլ» երաժշտական խմբի, հայ ազգագրական երգի վարպետ Արսեն Գրիգորյանի (Մրո) և «Սասնա ծռեր» համույթի մասնակցությամբ:
2016 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ փորձագիտական գնահատման և sms քվեարկության արդյունքում երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը 2017 թվականի համար հանձնեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքին: Չարենցավանը հաջորդեց Գյումրիին, որը 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաքն էր:
Հիշեցնենք, որ «Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվում է 2013 թվականից և նրա նպատակներն են՝
•խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը.
•զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև բարեխիղճ ու գործընկերային հարաբերությունները՝ ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում.
•խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղերում մշակել երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել,
•նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը։