Վրաստանը փորձում է չեզոքացնել իր տնտեսա-քաղաքական կախվածությունը


Վրաստանը փորձում է չեզոքացնել իր տնտեսա-քաղաքական կախվածությունը

  • 28-02-2017 15:43:51   | Հայաստան  |  Վերլուծություն

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ի պատասխան ընդդիմության մեղադրանքի հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցի ընթացքում չի քննարկվել Աբխազիայի երկաթուղու վերագործարկման հարց:
 
Վրաստանի ընդդիմադիր քաղաքական շրջանակների համար այդօրինակ մեղադրանքի առիթ էր եղել Վերին Լարսի այլընտրանքի առկայության մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ նա արել էր Վրաստան կատարած այցի ժամանակ:
Կարեն Կարապետյանն ասել էր, որ Վերին Լարսին այլընտրանք կլինի, բայց չէր բացել փակագծերը, դա թողնելով հետոյի: Կարապետյանը ասել էր, որ այլընտրանք է լաստանավային երթուղին, բայց կա նաեւ այլ տարբերակ:
Թե որն է այլ տարբերակը, պարզ չէ, թեեւ հնարավոր է ենթադրել, որ խոսքը վերաբերում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով անցնող ճանապարհներին, որի հարցը Վրաստանն ու Ռուսաստանը քննարկում են դեռեւս 2011 թվականից: Համենայն դեպս, Կարեն Կարապետյանի Թբիլիսի այցից մի քանի օր առաջ Եվրոպայում ընթացել էր վրաց-ռուսական բանակցության հերթական փուլը, որի ավարտին թե Վրաստանի, թե Ռուսաստանի դիվանագետները հայտարարեցին տրանսպորտային միջանցքների հարցում առաջընթացի մասին:
Խոսքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտ գոտիներով անցնող ճանապարհների մասին է, որի վերաբերյալ Թբիլիսին ու Մոսկվան քննարկում են քաղաքական խնդիրները շրջանցելու եւ տնտեսական պայմանավորվածության գալու տարբերակը: Այն է՝ «չեզոք կարգավիճակի» դիտարկումով տրանսպորտային ենթակառուցվածքի գործարկում, որը նախատեսվում է շվեյցարական ընկերության հովանու ներքո:
Մեխանիզմը ենթադրում է Վրաստանից բեռնափոխադրումներ Աբխազիայով եւ Հարավային Օսիայով դեպի Ռուսաստան, անկանոն գործող Վերին Լարսին այլընտրանք: Ընդ որում, դիտարկվում է, որ բեռները սահմանային ստուգում կանցնեն ոչ թե աբխազ-վրացական կամ օս-վրացական սահմանին, այլ Ռուսաստանի սահմանին:
Հնգամյա քննարկումներից հետո Վրաստանն ու Ռուսաստանը հայտարարեցին առաջընթացի մասին: Դրանից հետո Թբիլիսի այցելեց Հայաստանի վարչապետն ու հայտարարեց, որ կլինի Վերին Լարսի այլընտրանք:
Հայաստանն էապես շահագրգռված է դրանում, միաժամանակ հասկանալի է, որ ունի գործընթացի վրա ազդելու քիչ հնարավորություն: Իսկ խնդիրները բավական նուրբ են, քանի որ ի վերջո կա քաղաքական լուրջ խոչընդոտ՝ կապված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում Մոսկվայի եւ Թբիլիսիի տարբեր մոտեցումների հետ:
Ու թեեւ կողմերը փորձում են տնտեսական խնդիրները առաջ մղել՝ շրջանցելով քաղաքական տարաձայնությունը, այդուհանդերձ քաղաքական ազդեցությունն ամենայն հավանականությամբ դեռեւս տեւական ժամանակ կթողնի իր հետքը դինամիկայի վրա:
Դա նշմարվում է նաեւ Վրաստանի ընդդիմության մեղադրանքների տեսքով: Թեեւ, վրաց-ռուսական քննարկումները վերաբերում են ոչ թե աբխազական երկաթուղուն, այլ ավտոճանապարհներին: Այդուհանդերձ, գործընթացի շուրջ մթնոլորտի առումով կկիրառվեն բոլոր մեթոդներն ու տարբերակները:
Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Վրաց-ռուսական համաձայնությամբ ոգեւորված չեն կարող լինել Թուրքիան եւ Ադրբեջանը: Երկու պատճառով՝ նախ որ դա նոր հնարավորություն է Հայաստանի համար, որին փորձում են հնարավորինս շրջափակել, եւ բացի այդ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայում աքցանի մեջ են առել Վրաստանն ու թեեւ առայժմ փորձում են դա անել տնտեսական մեթոդներով, այդուհանդերձ դժվար չէ պատկերացնել դրա քաղաքական եւ ռազմավարական հեռանկարային հետեւանքը, ինչը Թբիլիսին անկասկած շատ լավ է գիտակցում, եւ թերեւս հենց դրանով է նաեւ պայմանավորված Ռուսաստանի հետ հարաբերության կարգավորման քաղաքականությունը:
Վրաստանը դրանով փորձում է ոչ միայն լուծել անմիջական անվտանգության խնդիր, Մոսկվային զրկել ագրեսիվ տրամադրվածության հիմքերից, այլեւ չեզոքացնել Թուրքիայից եւ Ադբեջանից տնտեսա-քաղաքական կախվածության ռիսկը:
Այդ հանգամանքը բավական լավ պատկերացնում է նաեւ Արեւմուտքը, որի համար եւս անցանկալի տարբերակ է Վրաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական ազդեցությունը, քանի որ դա ինքնաբերաբար նշանակելու է նաեւ տանդեմի մեծ ազդեցություն Կովկասում ընդհանրապես:
Այդ հանգամանքը Արեւմուտքի համար էլ ցանկալի է դարձնում ռուս-վրացական նոր բանաձեւի ներդրումը՝ տնտեսական պայմանավորվածություն քաղաքական հակադրությունը շրջանցելու միջոցով, ինչը կարող է ստեղծել նոր իրավիճակ ոչ միայն երկու երկրների հարաբերության, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի համատեքստում, դառնալով նաեւ տարածաշրջանային անվտանգության համակարգի նոր բանաձեւ:
Հայաստանի համար էլ ռուս-վրացական գործընթացում կարեւոր է ոչ միայն զուտ տրանսպորտային-տնտեսական, այլ նաեւ քաղաքական եւ անվտանգային այդ հանգամանքը: Հայաստանը դեռեւս մեկուկես տասնամյակ առաջ այդ մոդելը առաջարկել է իբրեւ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման բանաձեւ՝ շրջանցել քաղաքական հակադրությունն ու քննարկել տնտեսական ենթակառուցվածքների գործակցումը, ինչը Բաքուն մերժել է:
Բաքվի համար էլ այդ բանաձեւն է ռուս-վրացական պայմանավորվածությունը դարձնում անցանկալի, առաջընթացը այդ հարցում դարձնում վտանգավոր եւ մերժելի: Այսինքն, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար խնդիրը միայն Հայաստանի տրանսպորտային հնարավորությունը, կամ իրենցից Վրաստանի կախվածության թուլացումը չէ, այլ անվտանգության նոր բանաձեւի նախադեպի ստեղծումը:
Ռուս-վրացական տիրույթում հայտարարված առաջընթացը այդ առումով հենց խորքային այդ բանաձեւով է առավել կարեւոր Հայաստանի եւ շահագրգիռ բոլոր սուբյեկտների համար;
Բացառությամբ Թուրքիայի ու Ադրբեջանի, որոնց համար այդօրինակ զարգացումը մերժելի է, եւ հետեւաբար խրախուսելի է այդ գործընթացի շուրջ արգելակող ցանկացած նախաձեռնություն:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն