ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զորակոչիկի առողջական խնդիրների միայն մի մասն է արձանագրել և զինծառայությանը պիտանի ճանաչել


ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զորակոչիկի առողջական խնդիրների միայն մի մասն է արձանագրել և զինծառայությանը պիտանի ճանաչել

  • 28-02-2017 19:17:51   | Լոռու մարզ  |  Իրավունք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՀՀ Վարչական դատարանում վիճարկվում է Կազմակերպություն դիմած ևս մեկ զորակոչիկի վերաբերյալ ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը:
 
Կենտրանական բժշկական հանձնաժողովի 2016 թ. հուլիսի 28-ի որոշմամբ զորակոչիկ Վ. Հ.-ն, ունենալով զինծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել, և որոշմանը համաձայն չլինելով՝ հրաժարվել ներկայանալ զորակոչի: Վերոնշյալ որոշումը կայացնելիս Կենտրոնական բժշկական հանձնաժողովը անտեսել է զորակոչիկի մի շարք առողջական խնդիրներ՝ խախտելով իր իրավասությունների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված դրույթները, և եզրակացության մեջ նշել դրանց մի մասը միայն, ինչը, «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թ. 410-Ն հրամանի  26-րդ հոդվածի Դ կետի համաձայն, հիմք է հանդիսանում զինծառայությանը զորակոչիկին սահմանափակումով պիտանի ճանաչելու: Մինչդեռ նրա ունեցած բոլոր առողջական խնդիրները հաշվի առնելու դեպքում կիրառելի կլինեին նույն հրամանի այլ կետեր, մասնավորապես՝ Հրամանի 26-րդ հոդվածի Ե և Գ կետերը, ինչը հիմք կհանդիսանար՝ Վ. Հ.-ին ժամանակավորապես ոչ պիտանի  ճանաչելու կամ տարկետում տրամադրելու համար: Այսպես՝ մինչ ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից պիտանիության վերաբերյալ որոշումը կայացնելը՝ զորակոչիկը հետազոտվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում, ապա Սրտաբանության գիտահետազոտական կենտրոնում. երկու դեպքում էլ ախտորոշվել են առողջական այնպիսի խնդիրներ, որոնք համապատասխանում են Հրամանի վերոնշյալ կետերին: Ավելին՝ բացի նրանից, որ Բժշկական հանձնաժողովն իր որոշումը կայացնելիս չի հիմնվել այդ հետազոտությունների ճշգրիտ և ամբողջական արդյունքների վրա՝ ախտորոշված խնդիրների հետ զուգակցվող և դրանց հետևանքով առաջացած մի շարք այլ խնդիրներ վեր հանելու նպատակով  իրականացված հետազոտությունները ևս թերի են եղել, ինչը հանգեցրել է չհիմնավորված որոշման ընդունմանը: Չնայած դրան՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ զորակոչիկը կրկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել և 2017 թ. հունվարին զորակոչվել: Զորակոչելու վերաբերյալ որոշումը չի տրամադրվել ոչ զորակոչիկին, ոչ էլ նրա ներկայացուցչին, որի վերաբերյալ վերջինիս կողմից համապատասխան գրություն է ներկայացվել ՀՀ զինվորական կոմիսարին: Կենտրոնական բժշկական հանձնաժողովի  2016 թ. հուլիսի 28-ի որոշումը վերացնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Վ. Հ.-ի ներկայացրած հայցը ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել և դատական նիստ նշանակել 2017 թ. մարտի 15-ին:
Նոյյան տապան  -   Իրավունք