Եթե կառավարությունն, առանց ուշացնելու, չկատարի համապատասխան քայլեր, մեր ու մեր պետության վերջը յոթ սարերի ետևում չի լինի


Եթե կառավարությունն, առանց ուշացնելու, չկատարի համապատասխան քայլեր, մեր ու մեր պետության վերջը յոթ սարերի ետևում չի լինի

  • 01-03-2017 23:19:15   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ներկայիս ու գնալով ահագնացող ժողովրդագրական աղետից բխող լրջագույն վտանգի առջև. շարունակվող, երկիրն արյունաքամ անող արտագաղթի հետևանքով մեր զինվորների քանակը եթե չասեմ այսօր իսկ արդեն անբավարար է, ապա վաղը կամ մյուս օրը հաստատ անբավարար է լինելու հայրենիքը պաշտպանելու, Ադրբեջանից բխող մարտահրավերներին դիմագրավելու համար:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն (ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայություն, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն), Հայաստանի Հանրապետությունից 1992 թվականից ի վեր մեկնել ու չի վերադարձել ավելի քան 1 միլիոն մարդ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ՀՀ բնակչության մոտավորապես կեսը, այսինքն` մոտ 1,5 մլն մարդ կամ նույնիսկ դրանից ավելին, հեռացել է երկրից, պարզապես նրանց մի մասը հաշվառումից դուրս չի եկել, դրա համար էլ նրանք ներկայացվում են հանրապետության ներկա բնակչության կազմում:
Չգիտեմ, թե վերը նշված թվերից որն է իրականությունը (եթե նույնիսկ պաշտոնական տվյալը` ավելի քան 1 միլիոնը, ապա դա էլ ահռելի և ահավոր թիվ է), սակայն հայտնի է, որ մեր սահմանամերձ, ինչպես նաև բարձրալեռնային շատ գյուղեր գրեթե դատարկվել են: Որոշ գյուղերի դպրոցներում նախորդ տարիներին այնքան քիչ են եղել աշակերտները, որ հնարավոր չի եղել 1-ին դասարան կազմավորել: Մեկ այլ իրողություն էլ գիտեմ. հենց մայրաքաղաք Երևանի բնակելի շենքերի շատ բնակարաններում լույս չի վառվում ընդհանրապես, մինչև գիշերվա 1-ը, 2-ը հետևել եմ, ու թող չթվա, թե պատճառն էլեկտրաէներգիայի խնայողությունն է, այսինքն` շենքի բակային կողմի սենյակներում լույսերը վառվում են, ճակատային մասում անջատված են, կամ` հակառակը: Ոչ մի կողմում լույս չի վառվում, ու մեկ օր չէ, որ հետևել եմ:
Եթե ՀՀ կառավարությունը, նախագահը, առաջիկայում ընտրվելիք Ազգային ժողովը, առանց ուշացնելու, չձեռնարկեն արտագաղթի կասեցմանը և ներգաղթի կազմակերպմանը նպատակաուղղված բավարար արդյունավետություն ունեցող միջոցներ, ապա կարելի է ասել, որ մեր ու մեր պետության վերջը յոթ սարերի ետևում չի լինի: Անվիճելի է, որ Երևանի, ինչպես նաև մեր երկրի մյուս քաղաքների բնակիչները չունեն ու չեն կարող ունենալ ապահովության զգացողություն և անվտանգության երաշխիք, երբ շատ գյուղեր, հատկապես սահմանամերձ, դատարկվել ու շարունակում են դատարկվել: Ապահովության այդ զգացողությունը չեն կարող ունենալ նաև սահմանին կանգնած մեր զինվորներն ու սպաները: Նրանց ամուր թիկունք է անհրաժեշտ:
Հուսանք, որ վերը նշվածը գիտակցելով, իրենից կախված ամեն ինչ անելու է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցավոք, ներկա չեմ եղել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի երեկվա նիստին, որը կայացել է ՀՀ ՊՆ վարչական համալիրում, հետևաբար միայն դրա վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունից ելնելով, չեմ կարող ասել, թե այն ձևակա՞ն միջոցառում է եղել, ինչպիսիք մեր օրերում, ցավոք, շատ են, թե իսկապես եղել է արդյունավետ հանդիպում:
Այս պահին չեմ կարող ասել նաև, թե հիշյալ ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարած այդ նիստի ընթացքում որոշումներ ընդունվե՞լ են, թե ոչ (ՊՆ պաշտոնական տեղեկատվության մեջ այդ մասին ոչինչ չի նշված), եթե այո, ի՞նչ որոշումներ (դա կփորձեմ պարզել առաջիկայում): Եթե նույնիսկ ընդունվել են իրավիճակը շտկելու որոշումներ, ապա որևէ մեկն այսօր չի կարող ասել, թե դրանք գործնականում իրագործվելո՞ւ են, թե գործադիր իշխանության շատ այլ որոշումների նման մնալու են թղթի վրա, կամ իրագործվելու դեպքում արդյոք լինելո՞ւ են արդյունավետ:
Այս պահին պարզ է միայն մեկ բան. ՀՀ նախկին վարչապետները (Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը և այլք), նախորդ կառավարությունները, նախկին տարածքային կառավարման նախարարները ձախողել են ազգային անվտանգության համար առանձնապես կարևոր այս գործը` համապատասխան աշխատանքներ չկատարելով կամ թերի, շատ վատ կատարելով:
ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Կարևորելով միջգերատեսչական փոխգործակցության բարձր մակարդակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների համակարգմանն ու լուծմանը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքների խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, ուստի անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը առկա իրավիճակը ճիշտ գնահատելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
Նիստի ընթացքում, ըստ համապատասխան ոլորտների, սահմանամերձ համայնքներում կատարված և ընթացող ծրագրերի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել հանձնաժողովի կազմում ընդգրկված Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հանձնաժողովի այլ անդամներ»:
Թե սահմանամերձ համայնքներում կատարված և ընթացող այդ ի՞նչ ծրագրերի վերաբերյալ են ելույթներով հանդես եկել հիշյալ նախարարությունների ներկայացուցիչները, պաշտոնական տեղեկատվության մեջ նշված չէ, ավելին` այդ աշխատանքները հասարակությանը, համենայն դեպս, լայն հասարակայնությանը հայտնի չեն, հետևաբար դրանք եթե ձևական կամ հորինվածք չեն, եթե իսկապես կատարվել են, մեր ժողովրդին ներկայացնելու կամ ավելի լայնորեն ներկայացնելու անհրաժեշտություն կա:
ՀՀ սահմանամերձ գոտիները (և Արցախի ազատագրված տարածքները) երաշխավորված  անվտանգությամբ գոտիների վերածելու հայեցակարգ է առաջարկում «Շիրակ Տեխնոպարկ» ՓԲԸ հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանը: Առաջիկայում կտեսնենք, թե այդ հայեցակարգին ինչպես կվերաբերվեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարությունը, սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը և նշված հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այսինքն` կընդունե՞ն այդ հայեցակարգով ներկայացվող առաջարկությունները, դրանք փաստարկված կերպով կմերժե՞ն, թե կմերժեն առանց որևէ հիմնավորման ու դրանով իսկ կվկայեն, որ առնվազն անկեղծ չեն սահմանամերձ բնակավայրերը ոտքի կանգնեցնելու իրենց հայտարարած մտադրության հարցում, հետևաբար և գործնականում որևէ էական բան չեն անելու:
Առաջարկվող հայեցակարգը կներկայացնենք վաղվա մեր հրապարակումներից մեկով:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play