Սահմանին ապրող տղամարդկանց պետք է զենք տրվի


Սահմանին ապրող տղամարդկանց պետք է զենք տրվի

  • 03-03-2017 08:47:43   | Հայաստան  |  Հասարակություն

 
Նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարտիկների նախաձեռնությամբ և նրանց մասնակցությամբ շահագրգիռ քննարկումների արդյունքում «Շիրակ Տեխնոպարկ» ՓԲԸ հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր երեկվա հրապարակմամբ, մշակել է ՀՀ սահմանամերձ գոտիները, ինչպես նաև Արցախի ազատագրված տարածքները երաշխավորված անվտանգության գոտիների վերածելու հայեցակարգ: Թերևս անվիճելի է, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն իրենց հայրենի օջախները լքել ու հարազատ բնակավայրերից շարունակում են հեռանալ ոչ այնքան սոցիալ-տնտեսական վատ պայմանների, որքան ապահովության, անվտանգության բավարար զգացում չունենալու պատճառով:
Երեկ հրապարակված «Եթե կառավարությունն, առանց ուշացնելու, չկատարի համապատասխան քայլեր, մեր ու մեր պետության վերջը յոթ սարերի ետևում չի լինի» վերտառությամբ հոդվածում խոստացել էինք այդ հայեցակարգը ներկայացնել մեր ընթերցողներին, ինչը և կատարում ենք Հրայր Մելքոնյանի հետ ստորև ներկայացվող հարցազրույցով:
Հայեցակարգի հեղինակների առաջարկությունների վրա հրավիրելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, կառավարության, սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի և նշված հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուշադրությունը, ակնկալում ենք, որ նրանք կամ կընդունեն տվյալ հայեցակարգով ներկայացվող առաջարկությունները և հասարակության աջակցությամբ կսկսեն դրանց իրագործումը, կամ եթե այդ առաջարկներն ընդունելի չեն, դրանց իրագործումն իրատեսական չէ, փաստարկված կերպով կմերժեն ներկայացվող առաջարկությունները, կհիմնավորեն դրանց անիրագործելիությունը:
 
Հարցազրույցը նախատեսված էր հրապարակել երեկ, սակայն երեկոյան կայքի հետ կապված տեխնիկական աշխատանքների պատճառով դա հնարավոր չեղավ, ինչի համար ներողություն ենք խնդրում: 
 
- Ի՞նչը ձեզ դրդեց, որ մշակեք սահմանամերձ տարածքների վերաբերյալ այս հայեցակարգը:
- ՀՀ սահմանամերձ տարածքները, որոնք հարակից են Ադրբեջանի հետ շփման գծին, կարելի է համարել պատերազմական գոտի: Ճիշտ է, հայտարարված պատերազմական գործողություններ չեն ընթանում, սակայն հակառակորդի դիպուկահարների մշտական ակտիվությունը, տարբեր մարտական գործողությունների իրականացումը, դիվերսիոն խմբերի ներխուժման մշտական վտանգն այդ տարածքների բնակչությանը պահում են մշտական լարվածության մեջ: Արդյունքում` այդ տարածքներում բնակչությունը շարունակաբար նոսրանում է, իսկ բնակավայրերը դատարկվում են:
Իհարկե, այսօր արտագաղթի խնդիրն ամբողջ երկրի համար դարձել է գերխնդիր, սակայն սահմանամերձ գոտին ունի իր յուրահատկությունները, և սահմանամերձ գոտում պլանավորվող միջոցառումների համալիր ծրագիրը չպետք է նույնացնել մնացած տարածքներում իրականացվող աշխատանքների հետ: Թեկուզ այն պարզ պատճառով, որ  այլ տարածքներից մարդիկ հեռանում են հիմնականում սոցիալական պայմանների պատճառով, իսկ սահմանամերձ գոտուց հեռանալը, առաջին հերթին, պայմանավորված է անվտանգության նկատառումներով, և միայն դրանից հետո` սոցիալական պայմաններով:
- Հետևաբար ի՞նչ պետք է արվի այդ գոտում:
- Անհրաժեշտ է ստեղծել անվտանգության այնպիսի համակարգ, որը կբավարարի այդ գոտու բնակչին, և որի պարագայում բնակիչն իրեն կհամարի պաշտպանված:
Երկրորդ. պետք է ստեղծել սոցիալական այնպիսի պայմաններ, որոնք այդ գոտին կդարձնեն գրավիչ` ապրելու և գործունեություն իրականացնելու համար:
ՀՀ սահմանամերձ գոտում անվտանգության ապահովման միջոցառումները, մեր համոզմամբ, չեն կարող դիտվել որպես առանձին, իրարից անկախ գործողությունների շարք: Դրանք պետք է մշակվեն և իրականացվեն այնպես, որ արդյունքում ստեղծվի համակարգ իր բոլոր բնութագրերով:
Այդպիսի համակարգի ստեղծումը չի կարող իրականացվել միանգամից: Այն պետք է իրականացվի փուլերով. նախ սկսվի նախաձեռնող ուժերի կողմից, սակայն իրականացվի որպես համապետական գործընթաց: Դրանում պետք է կարողանալ  ներգրավել ամբողջ հասարակությանը, քանի որ դա է հաջողության միակ գրավականը: Ամբողջ հասարակությանն այդ գործընթացում ներգրավելու համար պետք է, որ այդ աշխատանքներում ներգրավված լինի պետական քարոզչամեքենան: Երկրորդ. համապատասխան աշխատանքներում պետք է ներգրավված լինեն նաև հասարակական տարբեր խավերի շահերը բավարարող տարրեր:
Նախատեսվող միջոցառումների արդյունքում կապահովվի սահմանամերձ գոտու անվտանգությունը, կնվազի արտագաղթը, կստեղծվեն ներգաղթի պայմաններ և հնարավոր կլինի բնակեցնել սահմանամերձ տարածքները:
 
- Ավելի որոշակի ինչպե՞ս եք պատկերացնում սահմանամերձ գոտու անվտանգության ապահովումը, դրա համար ի՞նչ եք առաջարկում:
- Մենք շատ լավ հասկանում ենք, որ պետության տարածքը պաշտպանում է երկրի բանակը: Դա շատ լավ գիտեն նաև սահմանամերձ գոտու բնակիչները: Դա գիտի նաև հակառակորդը: Հետևաբար բոլորը գիտեն, որ եթե որևէ կետում կամ որևէ պահի հակառակորդը կարողանա շրջանցել գործող պաշտպանական գոտին, ապա սահմանամերձ գոտու անզեն ու անպաշպան բնակիչը կհայտնվի վտանգին դեմ հանդիման: Իհարկե, բոլոր նրանք, ովքեր ներգրավված են պաշտպանական համակարգերում, պնդելու են, որ այդպիսի բան լինել չի կարող: Սակայն կյանքն ապացուցում է հակառակը:
Լուծումը, մեր կարծիքով, միակն է` սահմանամերձ տարածքի յուրաքանչյուր բնակիչ պետք է դառնա պաշտպանական համակարգի բաղադրիչ, և դա է լինելու  նախատեսվող պաշտպանական համակարգի հիմնական բնութագիրը: Այդ դեպքում   սահմանամերձ տարածքները կդիտվեն որպես ամրացված պաշտպանական  գոտիներ, որով էլ կապահովվի այդ տարածքների բնակիչների անվտանգությունը:
 
- Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել այդ ծրագրի իրագործման համար:
-Նախատեսվող միջոցառումների հիմնական տարրը լինելու է բազա-բնակավայրերի շղթան: Բազա-բնակավայրը համայնք է, որտեղ  բնակիչը, բացի իր առօրեական խնդիրները կատարելուց, մասնակցում է նաև անվտանգության միջոցառումներին  (հերթապահում է բազայի դիտակետերում, պահանջված  դեպքում մասնակցում է ինքնապաշտպանական գործողություններին և այլն):
 
- Ո՞ւմ կողմից է իրականացվելու բազա-բնակավայրի ղեկավարումը:
- Անվտանգության և ռազմական առումներով` պարետի, որին նշանակելու է ՀՀ պաշտպանության նախարարությունը, իսկ տնտեսական առումով` համայնքապետի կողմից: Շատ հնարավոր է, որ որոշ բազա-բնակավայրերում պարետը, ընտրվելու պարագայում, միաժամանակ լինի նաև համայնքապետ: Եթե այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են օրենսդրական ու նույնիսկ սահմանադրական փոփոխություններ, ապա դրանց կատարումից չպետք է հետ կանգնել, քանի որ մեր պետությունը և սահմանամերձ բնակավայրերի բնակիչները սովորական, խաղաղ և անվտանգ իրավիճակում չեն:
Պարետն իրականացնելու է բազայի անվտանգության ապահովման միջոցառումները (բազայի դիտակետերում հերթապահությունների կազմակերպումը, զենքի և զինամթերքի հաշվառումը, զինամթերքի բաշխումը և այլն): Նրանց պաշտոնավարման ժամկետը պետք է օրենսդրորեն հավասարեցվի   զինծառայության հետ` թե՛ պատասխանատվության, թե՛ արտոնությունների մասով: Պարետի աշխատավարձը վճարվելու է պետության կողմից: Բազա-բնակավայրը պետք է ունենա տրանսպորտ և ինքնապաշտպանության համար անհրաժեշտ, հաշվառված ռազմական միջոցներ:
- Ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսության կազմակերպումը բազա-բնակավայրերում, այդ առումով ի՞նչ եք առաջարկում:
- Բազա-բնակավայրում պետք է նախատեսվի  և ապահովվի բնակիչների 100%-անոց զբաղվածություն: Մենք գտնում ենք, որ դա կարող է ապահովվել պաշտպանության նախարարության, ոստիկանության և ԱԱԾ կարիքների բավարարման հետ կապված աշխատանքներն այդ բազաներում իրականացնելու միջոցով:
Բազա-բնակավայրերի բնակիչները և նրանց ընտանիքների անդամները պետք է անվճար բժշկական ապահովագրություն ստանան, իսկ բազայում աշխատողների աշխատանքային ստաժի 1 տարին պետք է հավասարեցվի սովորական բնակավայրերում աշխատողների ստաժի 1,5 տարվա հետ: Բազա-բնակավայրի բնակիչները պետք է ազատված լինեն գույքահարկից, ջրի հարկից, հողի հարկից: Բազա-բնակավայրերում բնակվելու ցանկություն հայտնող քաղաքացիներին պետք է անհատույց հատկացվեն բնակարան և հողատարածք: 
 
Վերը նշվածն իրականացնելու համար բազա-բնակավայրերին պետք է անհատույց տրվեն հողատարածքներ, հատկացվեն նաև խոշոր և մանր եղջերավոր անասուններ որպես համայնքային սեփականություն:
 
Բազա-բնակավայրերը պետք է լինեն ավելացված արժեքի հարկից ազատված, ազատ առևտրի և բիզնեսի գոտիներ: Բազա-բնակավայրերում տնտեսվարող սուբյեկտների համար պետք է նախատեսվի 5-10% շահութահարկ:
 
Բոլոր բազա-բնակավայրերում պետք է կազմակերպվեն կարի և կոշիկի արտադրություններ ու ստեղծվեն գյուղատնտեսական մթերքների գնման բազաներ:  
Բոլոր բազա-բնակավայրերի և դրանց հետ կապված հարակից բնակավայրերի բնակիչներին (հիմնականում կանանց) պետք է աշխատատեղեր առաջարկվեն կարի ֆաբրիկաներում, որոնք պետք է ապահովեն պաշտպանության նախարարության, ոստիկանության և ԱԱԾ կարիքների համար օգտագործվող սպիտակեղենի, ներքնաշորերի և հագուստի ամբողջ պահանջարկի բավարարումը:
Բազա-բնակավայրերում կոշիկի ֆաբրիկաները պետք է ապահովեն պաշտպանության նախարարության, ոստիկանության և ԱԱԾ կարիքների համար անհրաժեշտ կոշկեղենի ամբողջ պահանջարկը:
 
Բազա-բնակավայրի  և դրանց հետ կապված հարակից բնակավայրերի բնակիչների արտադրած գյուղմթերքներն ամբողջ քանակով և շուկայական գներով պետք է  մթերվեն գնման բազաներում և օգտագործվեն պաշտպանության նախարարության, ոստիկանության և ԱԱԾ կարիքներն ապահովելու համար: Նրանք գյուղմթերքների այլ գնումներ պետք է կարողանան իրականացնել միայն բազաներում արտադրված  մթերքի սպառումից հետո:
Հավելեմ, որ առաջարկվող համակարգի ստեղծման  իրավա-տնտեսական բազայի ստեղծումը պետք է իրականացնի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության պետական  ողջ համակարգի մասնակցությամբ:
Մեր կազմակերպությունը պատրաստ են  մասնակցել այդ աշխատանքների կազմակերպմանը բոլոր փուլերում:
 
- Այս առումով համաշխարհային փորձն ուսումնասիրե՞լ եք, ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ:
- Այսպիսի բնակավայրերի ցանցի և ամբողջ գոտիների ստեղծումը նորություն չէ: Դրա նախատիպերից են հայկական բդեշխությունները, ռուսական կազակական ստանիցաները, իսրայելական կիբուցիները:
 
Իսրայելական կիբուցիները համայնական տնտեսություններ են, որոնցում նախատեսված են թե՛ սոցիալական արտոնություններ, թ՛ե բիզնես գործունեություն իրականացնելու գրավիչ պայմաններ: 2001 թվականի դրությամբ Իսրայելում արդեն ստեղծվել էր 267 կիբուցի, որոնցում ապրում են 115 000 մարդ: Կիբուցիների չափահաս բնակչությունը համարվում է իսրայելական պաշտպանական համակարգի բաղկացուցիչ մաս, իսկ բնակիչների մի  զգալի մաս ներգրավված է պաշտպանական բանակի հրամանատարական կազմում:
 
Այսօր բոլորս ականատեսն ենք, թե ինչպես են վերակենդանացնում ռուսական կազակությունը, ինչպես են Ռուսաստանի Դաշնության սահմանների ամբողջ երկայնքով վերստեղծում և վերականգնում կազակական ստանիցաները: Նույնիսկ փոստային հասցեներում խորհրդային ժամանակների «գյուղ», «ավան» բառերի փոխարեն արդեն գրում են ստանիցա: Մինչև բոլշևիկյան հեղափոխությունը, ռուսական կազակության թվաքանակը եղել է 4,5 մլն մարդ: Այժմ արդեն վերածնված ռուսական կազակության թվաքանակը հասել է  750 000-800 000 մարդու:
 
Հայկական բդեշխություններն ևս ստեղծվել են սահմանային գոտիները պաշտպանելու համար: Հայկական բդեշխություններում ամբողջ բնակչությունը համարվել է աշխարհազոր, իսկ բդեշխները ավագության կարգով թագավորից հետո եղել են երկրորդը:
 
Առանձին խոսակցության նյութ է շվեյցարական մոդելը: Այն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ 7.5 միլիոն բնակչություն ունեցող երկրում կա շուրջ 2.3 միլիոն հատ մարտական հրազեն (չհաշված որսորդական և սպորտային հրացանները): Զինապարտները հիմնական ժամկետային ծառայությունն ավարտելուց  հետո անցնում են պահեստազոր և 2 տարին մեկ անգամ պարբերաբար անցնում են երեքշաբաթյա վերապատրաստում: Պահեստազորում եղած ժամանակ քաղաքացիներն իրենց կցված զենքերը մշտապես պահում են բնակարաններում, իսկ ոչ զորակոչային տարիքի հասնելուց հետո (42 տարեկան) նրանց իրավունք է վերապահվում ձեռք բերել այդ զենքերը բավականին մատչելի գներով, ինչը սովորաբար ճնշող մեծամասնությունն անում է: Կադրային զինվորականներից բաղկացած բանակում հաշվառված է 5 հազար զինծառայող, պահեստազորում`  240 000, իսկ 280 հազար մարդ` քաղպաշտպանության ուժերոմ: Կառավարությունը կարող է կարճ ժամանակահատվածում մոբիլիզացնել 2.1 միլիոն մարդ: Սպառազինության աստիճանից կարելի է եզրակացնել, որ այնտեղ բոլոր զինապարտ տղամարդիկ ունեն մարտական զենք: Այդպիսի զանգվածային զինվածություն ոչ եվրոպայում, ոչ էլ ամբողջ աշխարհում չկա: Եվ սա` աշխարհի ամենաժողովրդավարական,  ամենախաղաղասեր և ամենազարգացած երկրներից մեկն է: Հետաբար կարելի է պնդել, որ Շվեյցարիան զերծ մնաց առաջին և երկրորդ աշխարհամարտերից`  հենց զինված ազգաբնակչություն ունենալու շնորհիվ, և ոչ թե չեզոք երկիր լինելու և այնտեղ միջազգային ակտիվներով բանկերի առկայության, որոնք նույնիսկ կարող էին խայծ հանդիսանալ ագրեսորների հարձակման համար:
Այնուամենայնիվ, շատերը կարող են համարել, որ մեր օրերում շվեյցարացիների զինվածությունն անհարկի է, քանզի նրանց շրջապատում են ժողովրդավարական, քաղաքակիրթ պետություններ, սակայն պետք է չմոռանալ, որ 20-րդ դարի սկզբին և կեսերին համաշխարհային պատերազմների գլխավոր «հերոսները» ժամանակի ամենաքաղաքակիրթ և ժողովրդավարական երկրներն էին: Այստեղից հետևություն, որ պոտենցիալ հակառակորդի զարգացած քաղաքակրթությունը և մարդակենտրոն արժեքները դեռ բավարար չեն, որ երկիրն իրեն պաշտպանված զգա:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play