Քաղաքական ուժերի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի շահարկումն անընդունելի ու անթույլատրելի է. Գառնիկ Իսագուլյան (Տեսանյութ)


Քաղաքական ուժերի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի շահարկումն անընդունելի ու անթույլատրելի է. Գառնիկ Իսագուլյան (Տեսանյութ)

  • 04-03-2017 13:07:34   | Հայաստան  |  Հասարակություն



Ընտրական այս փուլում քաղաքական ուժերը շահարկում են Ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչն անընկալելի ու անթույլատրելի է: Նման կարծիք մարտի  3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: 
 
Ըստ նրա` վերոնշյալ հիմնախնդրի հետ կապված ցանկացած անտեղի արտահայտություն կամ մեկնաբանություն կարող է ավելորդ լարվածություն առաջացնել ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ առաջնագծում: 
«Հայաստանից տեսակետներ են հնչում Արցախում անցկացված հանրաքվեի, ղեկավարության լիգիտիմության հետ, շատ թեկնածուներ անցել են էմոցիոնալ դաշտ և հանրությանը դիմում են` ասելով, որ երբ կմտնեք քվեախցիկ, հիշե ՛ք, որ Ձեզ են նայում Աբաջյանը, Սահակյանը. Ընկերնե ՛ր, չի ՛ կարելի, եկե ՛ք հարգենք մեր հերոս նահատակների հիշատակը և նրանց չխառնենք մեր այս ընտրություններին»,- ասաց Գ. Իսագուլյանը` հավելելով, որ քաղաքական ուժերը կարող են իրենց ծրագրերում ունենալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սեփական տեսլականը:  
Բանախոսի փոխանցմամբ` Ղարաբաղյան հիմնախնդիրը գտնվում է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում և օր օրի ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ պետք է ի վերջո ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: 
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի խոսքերով` դաշինքներից շատերը և կուսակցությունները դեռևս լավ չեն տիրապետում Ընտրական օրենսգրքին և չեն պատկերացնում, թե այս ընտրություններին մասնակցելիս` որո՞նք են կարևորագույն խնդիրները: 
Անդրադառնալով նոր ընտրակարգին` Գ. Իսագուլյանն ընդգծեց, որ այն բազմաթիվ թերություններով հանդերձ` ապացուցել է մեկ բան, որ Հայաստանում կուսակցությունները դեռևս կայացած չեն:  
«Ընտրական մեխանիզմը, որն այսօր այդքան քննադատվում է, բացառում է ցանկացած խախտում, շատերը հիմա փորձում են շահարկել, սակայն եթե ուշադիր կարդան ընտրական օրենքը, կտեսնեն, որ այնտեղ ըստ էության` բացառված է խախտում անելը»,- նշեց նա` կարևորելով քաղաքական ուժերի քարոզչության բովանդակությունը և կարգախոսները: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն