Ապրիլի երկուսից հետո Հայաստանում իրավիճակ կփոխվի, բայց դեպի հետընթաց (Տեսանյութ)


Ապրիլի երկուսից հետո Հայաստանում իրավիճակ կփոխվի, բայց դեպի հետընթաց (Տեսանյութ)

  • 04-03-2017 13:11:36   | Հայաստան  |  Հասարակություն



«Ապրիլի երկուսից հետո մեր երկրում իրավիճակ է փոխվելու, բայց դեպի հետընթաց»,- մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Զարթոնք» գաղափարա-քաղաքական ակումբի նախագահ Արամ Գրիգորյանը: 
 
Ըստ նրա` Հայաստանի քաղաքական վերնախավը խոսում է միայն ընտրությունների անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի շուրջ` առանց հանրության համար հստակեցնելու, թե այս խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանն ուր է գնում: 
«Այսօրվա քաղաքական իշխանությունները և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը չունեն Հայաստանի զարգացման ծրագիր. Նման պայմաններում խոսել տեխնիկական այն չափորոշիչների մասին, որոնք կապահովեն արդար ընտրություններ, ավելորդ է»,- նշեց Ա. Գրիգորյանը` համոզմունք հայտնելով, որ այս համապետական ընտրություններն անցկացվում են երկրում կառավարման համակարգը փոխելու համար, սակայն ոչինչ էլ չի փոխվելու: 
Նրա խոսքերով,  օրինական ընտրություններ անցկացնելու իրական ցանկության դեպքում իշխանությունները հանրությանը պետք է ներկայացնեին այն բոլոր անօրինականությունները, որոնք եղել են նախորդ ընտրությունների ժամանակ: 
Ա. Գրիգորյանի կարծիքով, քանի դեռ իշխանություններն իրենց վրա են վերցնում միայն իրավունքների շրջանակը` հրաժարվելով  ընտությունների ողջ պատասխանատվությունից, ապա արդար ընտրություններ չեն կազմակերպվի: 
Հերիքնազ Տիգրանյանն, անդրադառնալով նոր ընտրակարգին, նշեց, որ այն բարդեցված է և այս կարճ ժամանակահատվածում հանրությունը չի հասցնի յուրացնել արված փոփոխությունները:
«Եթե նախկինում Ազգային ժողովը ձևավորվում էր համամասնական և մեծամասնական ընտրակարգով, ապա այժմ ամբողջությամբ ձևավորվում է համամասնականով, բայց համապետական ցուցակին զուգահեռ գոյություն ունեն տարածքային ցուցակներ,  հետևաբար ընտրողները պետք է հասկանան, թե ինչ է տարածքային ցուցակը և ինչպես կարող է ընտրություն կատարել կամ քանիսին ընտրել»,- ասաց նա` ընդգծելով, որ քվերակության գործընթացը ևս երկարել է ու բարդացել: 
Հ. Տիգրանյանի կարծիքով` որոշ ընտրողներ դեռևս գաղափար չունեն, թե իրենց քվեարկությունն ինչպես է դրսևորվելու:
Նրա կանխատեսմամբ` խնդիրներ կարող են առաջանալ ընտրողների կողմից քվերակության կտրոնը մինչև քվեատուփի մոտ հասցնելը, քվերաթերթիկի կողմերից մեկի վրա  նշում կատարելը կամ քվեաթերթիկը ծալել, թե ոչ և այլն:  
Սամվել Գևորգյանն էլ ընդգծեց, որ ընտրատեղամասերում տեղադրվող սարքավորումները և ընտրական գործընթացը փորձ է արվում համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:  
«Նախորդ ընտրական գործընթացների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայտնաբերվել են 300  հազարից ավելի անձանց տվյալներ նույն ընտրողների ցուցակներում, որոնք իրականում չպետք է մասնակցեին ընտրություններին, դրանք վաղուց ՀՀ քաղաքացիներ չեն, կամ բացակայում են երկրից, բացի այդ, հենց առաջին օրերից նկատվեցին դեպքեր, երբ անձը փորձել էր մասնակցել քվեարկությանը ոչ վավեր անձնագրով, ինչը պետք է վերահսկվեր այն անձանց կողմից, ովքեր պատասխանատու են ընտրական գործընթացի ողջ ընթացքն ապահովելու համար»,- ասաց նա` շեշետելով, որ այս դեպքում հարց է առաջանում, թե որքանով են տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում ընտրական գործընթացը հեշտացնելուն և ում կողմից է այն վերահսկվում: 
Մասնագետը չի բացառում, որ նախորդ ընտրությունների նման, այս ընտրություններում ևս ընտրատեղամասեր որոշ ժամանակով հոսանքազրկվեն, ինչի հետևանքով տեխնիկական սարքավորումները չաշխատեն: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play