Արցախի ՄԻՊ-ը Թալիշի հրետակոծության վերաբերյալ հայտարարություն է տարածել


Արցախի ՄԻՊ-ը Թալիշի հրետակոծության վերաբերյալ հայտարարություն է տարածել

  • 04-03-2017 19:08:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2016թ. մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ:​
 
Մասնավորապես, մարտի 2-ին կատարվել է փաստահավաք այցելություն Թալիշ գյուղ, որի ընթացքում կատարվել է փաստերի անմիջական ուսումնասիրություն, ինչպես նաև իրականացվել են հարցազրույցներ վարչակազմի ներկայացուցիչների և Թալիշում բնակվող քաղաքացիական անձանց հետ: Հարցազրույց է իրականացվել նաև փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ հիմնվելով փետրվարի 26-ին հրապարակված տեսագրության վրա: Հարցազրույցն իրականացվել է Արցախի պաշտպանության բանակի՝ տեսավերահսկողություն իրականացնող սպայի հետ:
Փաստահավաքության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 24-ի առավոտյան և հաջորդ օրը երեկոյան Թալիշ գյուղի ուղղությամբ Արդբեջանական կողմից արձակվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 արկ, որոնք պայթել են օդում և մահացու վտանգ ստեղծել գյուղում բնակվողների համար: Ընդ որում, արկերի հիմնական մասը պայթել է գյուղի կենտրոնում՝ դպրոցի շենքի մերձակայքում: Այլ կերպ՝ Ադրբեջանը կիրառել է ոչ ընտրողական զինատեսակ քաղաքացիական նշանակության օբյեկտի նկատմամբ:
Փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցազրույցի ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի փորձել են գիշերով հարձակում գործել Արցախի պետական սահմանը պաշտպանող զինծառայողների նկատմամբ (տեսագրությունը հասանելի է https://youtu.be/PGu1jUalsRA հասցեով)։ Նպատակին հասնելու դեպքում առկա էր մեծ հավանականություն, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ կկատարվեին 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների հետ նույնաբնույթ վայրագություններ: Այդպիսի հավանականության մասին, ի թիվս այլոց, վկայում է Ադրբեջանական հասարակությունում հայատյացության շարունակական խորացման փաստը:
Այսպես, փետրվարի 26-ից ի վեր ադրբեջանական օգտատերերը վերստին սկսեցին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Իսլամական պետության ոճով կատարված ռազմական հանցագործություններ պատկերող լուսանկարներ և տեսագրություններ՝ ինչպես մեր կողմից փաստագրված, այնպես էլ նոր ի հայտ եկած: Այսպես, նոր ի հայտ եկած տեսագրությունում պատկերված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը փաստացի հնչեցնում է «ցեղասպանություն կատարելու» սպառնալիք (տեսագրության 0:24-0:42 վայրկյաններ): Ընդ որում, մեր կողմից արձանագրված բոլոր մեդիանյութերը համատարած ուղեկցվել են ակնհայտ հայատյացություն պարունակող մեկնաբանություններով:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թույլ տված վայրագության համակարգված դեպքերին միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և իրավական գնահատական դեռևս չի տրվել, որի արդյունքում ձևավորվել է Ադրբեջանի անպատժելիության ընկալում: Դա ինքնին հիմք է տալիս պնդելու, որ 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները առերևույթ պատճառական կապի մեջ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետ:
 
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
04. 03. 2017թ.
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք