Վայ Եվրամիությանը, եթե Մարին Լը Պենն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ
04-03-2017 22:41:19 | Ֆրանսիա | Քաղաքական
Եթե Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրություններում հաղթի նախագահի թեկնածու, Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, ապա շատ հավանական է, որ այդ խարիզմատիկ քաղաքական գործիչը Ֆրանսիայում և աշխարհում ձեռք բերի Շառլ Դը Գոլին գրեթե հավասար, միգուցե նրանից էլ ավելի մեծ հռչակ:
Հինգշաբթի օրը նախընտրական ելույթի ժամանակ Մարին Լը Պենը հայտարարել է. «Հարցն այն չէ, թե արդյոք Ֆրանսիան պատրաստվո՞ւմ է լքել ԵՄ-ն, այլ այն, թե դա ե՞րբ և ի՞նչ պայմաններում է կատարվելու»:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենն ասել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում Եվրամիությունից Ֆրանսիայի հեռանալու մասին հանրաքվե կանցկացնի: Նկատենք, որ սա շատ ֆրանսիացիների սրտով է, հատկապես նրանց, ովքեր Ֆրանսիան ուզում են տեսնել որպես ազգային պետություն, զերծ եվրոպական կառույցների օրենսդրական կապանքներից: Թերևս նաև սա նկատի ունենալով, Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հայտարարել է, որ ընտրվելու պարագայում վերատեսության է ենթարկելու Ֆրանսիայի բոլոր եվրոպական համաձայնությունները: