Դավիթ Տոնոյանն այցելել է Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն ու հրշեջ-փրկարարական ջոկատները


Դավիթ Տոնոյանն այցելել է Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն ու հրշեջ-փրկարարական ջոկատները

  • 06-03-2017 11:27:45   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այցելեց Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն ու հրշեջ-փրկարարական ջոկատները: ԱԻ նախարարը հանդիպեց Վայոց ձորի փրկարարական վարչության, Վայք և Եղեգնաձոր քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև՝ մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի անձնակազմին: Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Մուշեղ Ղազարյանը:
 
Նախարար Տոնոյանը շրջեց հրշեջ-փրկարարական ջոկատներով, ծանոթացավ վերջիններիս շենքային պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու զրուցեց անձնակազմի հետ ընթացիկ խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Դ. Տոնոյանը կարգադրեց հատուկ ուշադրություն դարձնել հրշեջ-փրկարարների համազգեստի որակին:
 
Վայոց ձորի մարզպետի և համայնքային ղեկավարների հետ աշխատանքային քննարկման ընթացքում կարևորվեց համայնքային բյուջեում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված կետի նախատեսումը: Ընդգծելով մարզերում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը՝ նախարարը Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանին կարգադրեց կենտրոնանալ աղետների կանխարգելիչ աշխատանքների վրա՝ ուժեղացնելով համագործակցությունը մարզային իշխանությունների հետ: 
 
ԱԻ նախարարի հաջորդ կայանը Եղեգնաձոր քաղաքում տեղակայված մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն էր: Նախարարը ծանոթացավ մարզային ՃԿԿ-ի տեխնիկական հնարավորություններին, զրուցեց անձնակազմի հետ՝ ինչպես նաև՝ ստուգեց կապը մայրաքաղաքում տեղակայված Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ, որտեղից նախարարին զեկուցեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին:
Նոյյան տապան  -   Հասարակություն