Թուրքիայում կալանավորել են 33-ամյա Եկատերինային, ասում են, թե կապ է ունեցել Անդրեյ Կարլովին սպանողի հետ


Թուրքիայում կալանավորել են 33-ամյա Եկատերինային, ասում են, թե կապ է ունեցել Անդրեյ Կարլովին սպանողի հետ

  • 06-03-2017 13:42:15   | Թուրքիա  |  Քաղաքական

 
 
Անկարայում կալանավորվել է Ռուսաստանի 33-ամյա մի քաղաքացուհի՝ անունը Եկատերինա, որը ենթադրաբար կապ է ունեցել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին սպանած Մեվլյութ Ալթընթաշի հետ: Այս մասին այսօր, իրավապահ մարմինների վրա հղում կատարելով, տեղեկացրել է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Քննչական մարմինը կասկածում է, որ նա Ալթընթաշի հետ հեռախոսային կապ է պահպանել մինչև 2016թ. նոյեմբերի վերջ, ինչպես նաև նրա հետ հաղորդակցվել է WhatsApp մեսենջերի միջոցով:
Լրագրողների տեղեկացմամբ, Ռուսաստանի քաղաքացուհին մասնակից է Անկարայում հինգ աստղանի հյուրանոցում ինտիմ ծառայությունների կազմակերպմանը:
Անկարայում ՌԴ դեսպանատնից РИА Новости-ին չեն կարողացել օպերատիվ մեկնաբանություն ներկայացնել Ռուսաստանի քաղաքացուհու կալանավորման առնչությամբ:
Դեսպան Անդրեյ Կարլովին Անկարայում 2016թ. դեկտեմբերի 19-ին «Ռուսաստանը Կալինինգրադից մինչև Կամչատկա՝ ճանապարհորդների աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ գնդակահարել է ոստիկանության աշխատակից Մեվլյութ Ալթընթաշը, որին տեղի անվտանգության ուժերը դրանից հետո սպանել են: Սպանությունն այս պահին քննում է ռուսական ու թուրքական մասնագետներից բաղկացած խումբը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական