ՆԱՏՕ-ն անտեսելով Ռուսաստանի բողոքները, շարունակում է ընդլայնել իր հարաբերությունները Վրաստանի հետ


ՆԱՏՕ-ն անտեսելով Ռուսաստանի բողոքները, շարունակում է ընդլայնել իր հարաբերությունները Վրաստանի հետ

  • 06-03-2017 15:42:43   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
Ռուսաստանը, ինչպես հայտնի է, համարվում է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման գլխավոր ընդդիմախոսը: Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների ընդլայնումը վտանգ է ներկայացնում ՌԴ-ի համար, քանի որ Վրաստանը նրան անմիջականորեն սահմանակից պետություն է:
Այնուհանդերձ, արևմտյան որոշ պետություններ Միացյալ Նահանգների գլխավորությամբ շարունակում են Ռուսաստանի դեմ ուղղված իրենց սպառնալիքները: ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումից և այդ կապակցությամբ հատկապես Վրաստանի դիրքի չարաշահումից բխող սպառնալիքները Ռուսաստանի ընդդիմանալու գլխավոր պատճառն են:
ՌԴ իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ ԽՍՀՄ-ի փլուզումից և արևելյան բլոկին կապված զինվորական դաշինքների, այդ թվում Վարշավայի դաշինքի լուծարումից հետո, արևմտյան պետությունները նույնպես պետք է լուծարեին իրենց նմանաբնույթ դաշինքները: Սակայն, ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները ոչ միայն չլուծարեց ՆԱՏՕ-ն, այլև փորձեց առավել հզորացնել այն: Այս պարագայում միանգամայն հասկանալի է Ռուսաստանի կառավարության զգայունությունը Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայի հանրապետություններում և արևելյան Եվրոպայում Արևմուտքի հարաճուն ներկայության նկատմամբ:
Եվ ահա մի թարմ տեղեկություն. մարտի 2-ին Վրաստան են այցելել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի անդամները` նշված կոմիտեի նախագահ, գեներալ Փեթր Պավելի գլխավորությամբ: Թբիլիսիում արդեն կայացել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը` Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն, որը հանդիսանում է Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն մշտական ռազմական մարմինը, առաջարկություններ է ներկայացնում քաղաքական որոշումներ ընդունող ՆԱՏՕ-ի երկու հիմնական մարմիններին Հյուսիսատլանտյան խորհրդին և Միջուկային պլանավորման խմբին:
Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, Վրաստանի պաշտպանության նախարար Լևոն Իզորիայի և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Փեթր Պավելի հանդիպման ժամանակ քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունների, ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ներդաշնակեցման, տարածաշրջանային զարգացումների, այլև Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման հետ կապված հարցեր: Այսի՞նքն… Վրաստանը ՆԱՏՕ-ի օգնությամբ մտադիր է իր, մեղմ ասած, սխալ քաղաքականության հետևանքով կորցրած Աբխազիան և Օսիան առաջիկայում ե՞տ բերել… Այս հարցադրումն առաջանում է, քանի որ Ռուսաստանը Վրաստանի ներկայիս տարածքի նկատմամբ հավակնություններ չունի, հետևաբար Վրաստանի տարածքային ամբողջականությանը վտանգ չի սպառնում: Այդ առումով Վրաստանի նկատմամբ սպառնալիքներ չկան նրա նաև մյուս հարևանների կողմից:
Հիշյալ հանդիպման ժամանակ «կենացներն» այնքան են թնդացել, որ Փեթր Փաուելը Վրաստանին համարել է ՆԱՏՕ-ի ռազմավարական ամենագլխավոր գործընկերը: Լևոն Իզորիան, իր հերթին, այդ հանդիպման ժամանակ հայտարարել է Սև ծովում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպելու Վրաստանի ցանկության մասին:
Այն տպավորությունն է առաջանում, թե Միացյալ Նահանգներն ու եվրոպական որոշ պետություններ Վրաստանի հետ հեռուն գնացող իրենց գործարքներով ու մտադրություններով փորձում են մեզ հարևան տարածաշրջանում բախում հասունացնել: Կհաջողվի նրանց միմյանց դեմ հրահրել Ռուսաստանին ու Վրաստանին` դժվար է ասել, սակայն հիշենք, որ Վրաստանին մեկ անգամ արդեն հրահրեցին, ինչից հետո կատարվածի նկատմամբ զգայուն Ռուսաստանի արձագանքը չուշացավ: Ռուսաստանի հետ 2008թ. օգստոսին Վրաստանի 5-օրյա պատերազմի արդյունքում Մոսկվան պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների անկախությունը:
Չնայած ՆԱՏՕ-ի պատասխանատուների կողմից հիշյալ պատերազմի ժամանակ Վրաստանի այն ժամանակվա էլ ավելի արևմտամետ իշխանություններին տրված խոստումներին, Վրաստանն այդ պատերազմում ոչ միայն ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների, այլև արևտմյան կառույցների կողմից էլ օժանդակություն չստացավ:
Միանգամայն ենթադրելի է, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի այցելությունը Թբիլիսի և Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումները կարող են սրել Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա անվստահությունն ու թշնամությունը, ինչն, անշուշտ, Հայաստանին ձեռնտու չէ, քանի որ վերջերս այստեղ հույսեր էին արթնացել ռուս-հայկական երկաթգծի Վրաստան-Աբխազիա հատվածի վերաբացման և աբխազական հատվածի վերագործարկման շուրջ պաշտոնական Մոսկվայի և Թբիլիսիի միջև բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play