Չնայած դաշնակցականների սպառնալից հայտարարությանը, ոստիկանությունը չի շտապում քրեական գործ հարուցել Փարպիում տեղի ունեցածի առնչությամբ


Չնայած դաշնակցականների սպառնալից հայտարարությանը, ոստիկանությունը չի շտապում քրեական գործ հարուցել Փարպիում տեղի ունեցածի առնչությամբ

  • 06-03-2017 22:08:13   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
«Եթե նույնիսկ ՀՅԴ-ն է իր հույսը, իրավապահ մարմիններից և իշխանություններից կտրած, դրել ինքնադատաստանի վրա, պատկերացրեք, թե ինչ է սպասվում» վերտառությամբ ս. թ. փետրվարի 27-ի մեր հրապարակմամբ , հղում կատարելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյան ֆեյսբուքյան էջի վրա, տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր, նախկինում ԲՀԿ-ական, ներկայումս ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Բազմասեր Առաքելյանը հիշյալ մարզի Փարպի գյուղում փետրվարի 26-ին ծեծուջարդ է նախաձեռնել: Փարպին Բազմասեր Առաքելյանի հայրենի գյուղն է:
«Ընդ որում, ի տարբերություն այլ նման միջադեպերի, ապականել է «Օջախ» հասկացությունը, որը սրբություն է համարվում մեր ժողովրդի համար,- իր հիշյալ էջում գրել էր Գեղամ Մանուկյանը:- Թեկնածուի մի քանի տասնակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցություն փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Չբավարավելով դրանով, բացի կուսակցական ճամբարներ փոխելուց խորհրդարանում որեւէ բանով աչքի չընկած մարզկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաև տուժածի եղբոր վրա։ Սակայն այս անգամ, անազնիվ մի քանի տասնակով մեկի դեմ տարբերակը չի գործել ու նրանք պատասխան են ստացել։ Վիճակը լարված է: Դաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած ՀԱՄԱԿԻՐ ու  կուսակցական ԸՆԿԵՐ անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն էլ անպայման կստանա»։
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերոնշյալի առնչությամբ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնում հետաքննությունը դեռ շարունակվում է, այսինքն՝ քրեական գործ դեռ հարուցված չէ, նյութեր են նախապատրաստվում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Բազմասեր Առաքելյանը կամ նրա մարդիկ դաշնակցական կամ ՀՅԴ համակիր եղբայրների հետ փորձում են բանակցություններով հաշտության հասնել: Հասկանալի է, որ հաշտության և ծեծվածի բողոքի բացակայության պարագայում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվելու է: Թերևս սրանով է բացատրվում այն, որ ոստիկանները դեռ մինչև հիմա նյութեր են նախապատրաստում, կարծես ինչ-որ սպասողական վիճակում են ու դեռ ձեռնպահ են մնում քրեական գործ հարուցել: Բացառված չէ, ավելի ճիշտ, միանգամայն հնարավոր է, որ այս ընթացքում ինչ-ինչ անձինք փորձում են Փարպիի ծեծված բնակչի նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրել, որպեսզի վերջինս համաձայնի հաշտության, սակայն այլ խնդիր է, թե նա կհամաձայնի՞ արդյոք: Կհամաձայնի՞, եթե իրեն իսկապես միայնակ չզգա, իրականում լինի դաշնակցականների խոստացած աջակցությունն ու պաշտպանությունը:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական