Գաբրիել Ղազարյանի և Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ կայացել է ֆիզկուլտուրայի կրթական ծրագրերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը


Գաբրիել Ղազարյանի և Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ կայացել է ֆիզկուլտուրայի կրթական ծրագրերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

  • 07-03-2017 19:21:29   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանի և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ կայացել է ֆիզիկական կուլտուրայի կրթական ծրագրերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցել են երկու գերատեսչությունների համապատասխան մասնագետներ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:
 
«ՀՀ վարչապետի կողմից ստացվել է հստակ հանձնարարական՝ ուսումնական հաստատություններում բարձրացնել ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման արդյունավետությունը: Ասեմ, որ այս ուղղությամբ դեռևս նախորդ տարի մեր նախարարությունում իրականացվել է մեծածավալ աշխատանք. ուսումնասիրվել են հանրակրթական դպրոցների մարզադահլիճները, դպրոցների մարզագույքի վիճակը: Վարչապետի այս հանձնարարականը վերաբերում է նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին: Կարծում եմ՝ նախորդ տարվա մեր փորձը օգտակար կլինի նաև այս ուսումնական հաստատություններում իրականացվելիք ուսումնասիրությունների գործընթացին»,- ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:
 
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր խոսքում նշել է ֆիզկուլտուրա առարկայի համար նոր ուսումնական ծրագրի մշակման անհրաժեշտությունը, որին պետք է համապատասխանեցվի նաև ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման համար անհրաժեշտ մարզագույքը: «Նոր ուսումնական ծրագրի և չափորոշիչների մշակմանը զուգահեռ նախատեսվում է անցկացնել հանրային և մասնագիտական քննարկումներ»,- ասել է Մ. Մկրտչյանը:
 
Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կիրականացնի մշտադիտարկում և կմշակի ծրագրերի իրագործման ռազմավարությունը:
Նոյյան տապան  -   Սպորտ