Հարուցվել է քրգործ՝ երեք երիտասարդների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ


Հարուցվել է քրգործ՝ երեք երիտասարդների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ

  • 07-03-2017 19:50:18   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մարտի 6-ին 3 երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:
 
2017 թվականի մարտի 6-ին՝ ժամը 20:15-ին և 21:10-ին, «Արմենիա» ԲԿ-ից հաղորդումներ են ստացվել առ այն, որ «Մալականի  այգի» կոչվող  տարածքից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել քաղաքացիներ Հ.Հայրապետյանը՝  «կտրած-ծակած վերք,  ձախ ազդրի վերին երրորդի առաջնային մակերեսում ազդրային ընդհանուր զարկերակի և ազդրային երակի վնասումով, ձախ ազդրի վերին երրորդի փափուկ հյուսվածքների վնասումով, արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ երկրորդ-երրորդ աստիճան» վնասվածքներով, Վ.Հայրապետյանը՝ «ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր» և Գ.Իսպիրյանը՝ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» մարմնական վնասվածքներով:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննությամբ պարզվել է, որ նշված երեք երիտասարդները մարմնական վնասվածքներն ստացել են նույն վիճաբանության ժամանակ: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play