Ռուս գիտնականները քաղցկեղի բուժման աշխարհացունց հայտնագործության շեմի՞ն են


Ռուս գիտնականները քաղցկեղի բուժման աշխարհացունց հայտնագործության շեմի՞ն են

  • 07-03-2017 23:26:42   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
 
Ռուս գիտնականներն ավարտում են մինչկլինիկական փորձարկումները դեղորայքային մի պրեպարատի, որը, ինչպես ենթադրում են, ունակ կլինի պայքարել չարորակ ուռուցքների դեմ նույնիսկ հիվանդության վերջին փուլերում: Այս մասին Դաշնային բժշկա-կենսաբանական գործակալության հատկապես մաքուր պրեպարատների պետական գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, պրոֆեսոր Անդրեյ Սիմբիրցևը հաղորդել է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:
Սիմբիրցևի խոսքերով, կլինիկական փորձարկումները սովորաբար տևում են 2-3 տարի:
«Ցավոք, արագ չի ստացվի, սա լուրջ հետազոտություն է: Այսինքն` հաշված մինչկլինիկական հետազոտությունների ավարտական փուլից, պացիենտները նոր դեղորայքը կստանան 3-4 տարուց»,- պարզաբանել է պրոֆեսորը:
Սիմբիրցևը պատմել է, որ արդեն փորձեր են անցկացվել փորձամկների և առնետների վրա, որոնց մոտ զարգանում էին մելանոմաներ և սարկոմաներ:
«Պրեպարատի կուրսային կիրառումը դեպքերի մեծամասնության պարագայում ապահովել է լրիվ բուժում նույնիսկ ուշ փուլերում: Այսինքն` արդեն կարելի է վստահաբար ասել, որ սպիտակուցը քաղցկեղի բուժման համար ունի անհրաժեշտ կենսաբանական ակտիվություն»,- պարզաբանել է նա, նշելով, որ քաղցկեղի այլ տեսակների վրա պրեպարատը կգործի նրա մոլեկուլի հիմքում ընկած ունիվերսալության շնորհիվ:
«Ջերմային շոկի սպիտակուց» աշխատանքային անվանմամբ պրեպարատի ստեղծման մեջ հաջողությանը հնարավոր է եղել հասնել տիեզերական գիտափորձի շնորհիվ:
«Խնդիրը նրանում է, որ սպիտակուցի գործողության ռենտգենակունստրուկտորական վերլուծության համար անհրաժեշտ է նրանից ձևավորել գերմաքուր բյուրեղ: Սակայն, երկրային ձգողականության պայմաններում դա ստանալն անհնար է` սպիտակուցային բյուրեղներն աճում են անհամաչափ: Գերմաքուր սպիտակուցը մենք փաթեթավորել ենք մազանոթային խողովակների մեջ և նրանց ուղարկել Միջազգային տիեզերակայան: Թռիչքի 6 ամսվա ընթացքում խողովակներում ձևավորվել են իդեալական բյուրեղներ, որոնք իջեցվել են երկրի վրա և վերլուծության ենթարկվել Ռուսաստանում և Ճապոնիայում»,- Սիմբիրցևի խոսքերն է փոխանցել թերթը:
Նշվում է, որ նոր պրեպարատի կիրառման դեպքում կողմնակի արդյունքներ չեն հայտնաբերվել:
«Տեստավորման ժամանակ «Ջերմային շոկի սպիտակուց»-ը թունավորություն չի արտահայտել: Սակայն, պրեպարատի բացարձակ անվտանգության մասին մենք վերջնական եզրակացություն կարող ենք անել միայն մինչկլինիկական հետազոտություններն ավարտելուց հետո: Դրա համար կպահանջվի ևս մեկ տարի»,- հավելել է Սիմբիրցևը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play