Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից


Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից

  • 09-03-2017 11:55:25   | Արմավիրի մարզ  |  Քաղաքական

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կուսակցության անդամների հետ համատեղ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվել է Արմավիրի մարզից՝ նախ այցելել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, այնուհետև տարբեր համայնքներ: Կարեն Կարապետյանն Էջմիածնի, Լեռնամերձի, Ակնալճի, Մեծամորի, Քարակերտի և Արմավիր քաղաքի ընտրողներին է ներկայացրել ՀՀԿ նախաընտրական ծրագրի մանրամասները և պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, համայնքային խնդիրներին և այլն:    
 
«Այն ծրագիրը, որը ներկայացրել ենք , պրակտիկ է ու իրատեսական, մենք չենք փորձել որևէ մեկի աչքն ու ականջն արհեստականորեն շոյել, տարբեր բաներ խոստանալ, որոնք չենք կարողանալու իրականացնել: Մեր ծրագիրը ենթադրում է էվոլուցիոն և բնականոն զարգացում: Հաշվի առնելով տարածաշրջանային մարտահրավերներն ու սպառնալիքները՝ մենք պետք է ապահովենք այնպիսի զարգացում, որը չի բերի մեզ ապակայունացման, փորձարկումների և ավանտյուրաների: Մենք չենք խոստանում, որ ապրիլի 3-ից կյանքը միագամից փոխվելու է, բայց խոստանում ենք, որ ամեն օր բաց, թափանցիկ ասելու ենք ինչ ենք արել և ֆիքսելու ենք այն ուրվագիծը, թե ինչ  ենք  ուզում անել, իսկ  դուք տեսնելու եք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում: Մենք ֆանտաստիկ ներուժ ունեցող ազգ ենք, մենք ուղղակի բանաձև չունենք լավ չապրելու և գիտենք, թե ոնց  է պետք անել: Այդ ճանապարհին մեզ ռեգուլյար աշխատանք է սպասվում, վստահ եղեք, որ մենք շանս ունենք լավ երկիր դառնալու և մենք իրականում որոշ ժամանակ անց  ունենալու ենք մի երկիր, որով հպարտանալու ենք»,- նշել է Կարեն Կարապետյանը:
ՀՀԿ առաջին փոխնախագահի խոսքով՝ Հանրապետականն ունի ամենաներկայացուցչական թիմը, որում ներգրավված են Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր շերտերը: «Մեր թիմն իրականում նման է մի մեծ ընտանիքի, որն ամուր է ու խաղաղ: Մեր թիմն ունի կառավարման ամենամեծ փորձը, մեր կազմում կան և կառավարիչներ, և ուսուցիչներ, և գյուղատնտեսներ, և  մշակույթի գործիչներ, և այդ կառավարման փորձն ունի դրական ու բացասական կողմեր: Բացասականը ճիշտ գնահատելով, վերլուծելով՝ կարող ենք հետագայում սխալներից խուսափել: Այս պահին ես չեմ լսել մեկ այլ կուսակցության, մեկ այլ քաղաքական ուժի, այդ թվում այն ուժերը, որոնք ժամանակին եղել են իշխանության մեջ, որը բարձրաձայն ասում է՝ այո, մենք ունեցել ենք սխալներ: Դա իրականում պահանջում է համարձակություն և ռեալիստական մոտեցում»,- ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ բացթողումները եղել են և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով:
Կարեն Կարապետյանը շեշտել է՝ ՀՀԿ-ն հայտարարել է փոխվելու և փոխելու մասին և հավելել, որ որոշակի քայլեր արդեն նկատելի են, թիմը համալրվում է նոր անդամներով, եռանդուն, բանիմաց, երիտասարդ կադրերով, և բոլորը միահամուռ են այն նպատակների իրականացման գործում, որոնք ՀՀԿ-ն իր առջև դրել է: «Մեր թիմը տարբերվում է նաև իր յուրահատուկ վերաբերմունքով Արցախի նկատմամբ: Համոզված եմ, որ դուք ինձ հետ համակարծիք կլինեք՝ Արցախն այն  սահմանային գիծն է, որտեղ որոշվում է մեր ազգի արժանապատվությունը: Այդ առումով, վստահ եմ, որ ՀՀ-ում կգտվեն քիչ մարդիկ, ովքեր կասեն, թե ՀՀԿ-ն Արցախի հարցում լինելու է ոչ հետևողական և անարժանապատիվ: Պետք է լինենք ուժեղ, հպարտ և պատրաստ կամայական մարտահրավերի»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի խոսքով՝  կուսակցությունն ունի նաև ձևավորված տնտեսական զարգացման հստակ ծրագիր: Անցած վեց ամիսների ընթացքում ախտորոշվել են բոլոր այն խնդիրները, որոնք կանգնած են տնտեսության յուրաքանչյուր ճյուղի առջև:  «Մենք  ձևակերպել ենք այն տեսլականը, թե ինչպես պետք է գնանք առաջ: Ինչ որ նշված է ծրագրում՝ դրա համար պատասխան ենք տալու: Կար  կարծրացած  մի  միտք, թե ՀՀ-ում ներդրում  անելն  անհնար է, ներդրում անողը շահույթ չի կարող ստանալ և այլն: Մենք հանրությանը ներկայացրել ենք 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր: 830 մլն դոլարը ներդրվելու է այս տարի: Այդ ծրգարերը բաժանվել են ըստ ոլորտների, և ըստ մարզերի:  Արմավիրի մարզում նախատեսվում է 85 մլն դոլարի ծրագրեր՝ չորս հազար աշխատատեղի ստեղծմամբ: Դրանք վերաբերում են տարբեր ոլորտների՝ ջրամատակարարում, ջրահեռացում, էներգետիկա, այլընտրանքային էներգետիկա, տրանսպորտ և այլն: Վստահ եղեք, որ ինչ հայտարարել ենք՝ միանշանակ իրականացնելու ենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝  2017-ը հայտարարվել է ախտորոշման, կառավարման համակարգի բարեփոխումների, սանիտարիզացիայի և կայունացման տարի: «Եթե այս գործառույթները կատարենք, իսկ անպատճառ դրանք կատարելու ենք, 2018-ից ունենալու ենք հստակ, ռեգուլյար, անընդմեջ կայուն և առողջ աճ»,- համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետը:
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը դիմելով ընտրողներին՝ նշել է. «Խնդրում եմ լինել լավատես, որովհետև առանց  դրա՝ փոփոխություն անել, առաջ շարժվել անհնար է: Խնդրում եմ մեկդ մյուսի նկատմամբ լինեք հանդուրժող, ցանկանում եմ, որ ձեր ընտանիքներում միշտ լինի ջերմ և բարի միջավայր, որ ձեր երեխաները միշտ ձեզ ուրախացնեն, որ ձեր ծնողների նկատմամբ որդիական պարտքը կատարելիս լինեք բավարարված: Ցանկանում եմ, որ ամեն տարի զգաք, որ ձեր կյանքը փոխվում է դեպի լավը, ցանկանում եմ, որ դուք երբևէ չզգաք անարդար միջավայր և ոչ օբյեկտիվ վերաբերմունք ձեր նկատմամբ, ցանկանում եմ, որ դուք միշտ բավարարված լինեք, թե ինչպես է ձեր աշխատանքը գնահատվում, ցանկանում եմ, որ բարությամբ տրամադրվեք ապագայի նկատմամբ: Եթե դուք ցանկանում եք, որ այս բոլոր կետերը կատարվեն, ապա ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ ապրիլի 2-ին քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին, այդ դեպքում այս բոլոր կետերի կատարման հավանականությունը կմեծանա»:
Նոյյան տապան  -   Քաղաքական