Հանդիպում՝ «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ


Հանդիպում՝ «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ

  • 09-03-2017 14:29:14   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանրապետության հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միությունը կապող օղակ է ֆրանսիական ձեռնարկությունների և տարբեր պետությունների բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև այդ պետությունների մասնավոր հատվածի միջև: 
 
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ  վերջին տարիներին  նկատվում է օտարերկրյա և, մասնավորապես, ֆրանսիական խոշոր ընկերությունների տնտեսական հետաքրքրությունների  աճը Երևանի նկատմամբ: 
«Քաջատեղյակ եք, որ մի շարք ֆրանսիական ընկերություններ հաջողությամբ գործունեություն են ծավալում մեր երկրում և մենք ունենք կյանքի կոչված ծրագրեր:  Մենք կարևորում ենք օտարերկրյա ներդրումների ներգրավումը և այդ նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված շուրջ հինգ տասնյակ ներդրումային առաջարկներ՝ ընդհանուր շուրջ 550 մլն եվրո արժեքով։ Մշակված ներդրումային առաջարկների փաթեթը վերաբերում է քաղաքի առանցքային ոլորտներին: Մեզ համար առաջնային են ճանապարհատրանսպորտային նոր ցանցի, զբոսաշրջության, բնակելի և հասարակական շենքերի, վերելակային տնտեսության, արտաքին լուսավորության ցանցի, աղբի վերամշակման, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և քաղաքային միջավայրի բարելավման ուղղությունները: Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում և իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը։ Համոզված եղեք, հարգելի գործընկերներ, որ մենք պատրաստ ենք համագործակցության հստակ ուղղությունների և ծրագրերի համակողմանի քննարկման», - նշել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել  ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Երևանում առաջնահերթ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ուղղությունների հետ կապված հարցեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: Երևանի քաղաքապետը նաև հավելել է, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր Երևանում լուրջ քայլեր են ձեռնարկվում:
Հանդիպումներին մասնակից ընկերությունների պատասխանատուներն էլ իրենց հետաքրքրությունն են հայտնել այցելելու Երևան` տեղում ուսումնասիրելու հնարավոր համագործակցության ուղղություններն ու ձևաչափերը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն