«Քաղաքացի դիտորդը» հանդես է գալու աննախադեպ մեծ կազմով՝ հսկողություն իրականացնելով 1500 ընտրատեղամասում


«Քաղաքացի դիտորդը» հանդես է գալու աննախադեպ մեծ կազմով՝ հսկողություն իրականացնելով 1500 ընտրատեղամասում

  • 09-03-2017 16:27:18   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
Այսօր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի պաշտպանությանը և ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթացների անցկացմանը, դիմել էգալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին՝ կոչ անելով միավորել ջանքերը ընտրական գործընթացների օրինականության վերահսկման գործում:
 
2017թ. ապրիլին խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Քաղաքացի դիտորդը» հանդես է գալու աննախադեպ մեծ կազմով դիտորդական առաքելությամբ՝ հսկողություն իրականացնելով առնվազն 1500 ընտրատեղամասում: Կուսակցություններից ու քաղաքական դաշինքներից համաձայնություն ստանալու դեպքում, նախաձեռնությունը պատրաստ է քննարկել հնարավոր համագործակցության եղանակները, ինչպես նաև կիսել իր կողմից մշակված ընտրախախտումների կանխարգելման ու ընտրակեղծիքների արձագանքման գործիքներն ու մեթոդները, տրամադրել իրավաբանական աջակցություն քվեարկության օրը և հետընտրական գործընթացներում:
Հետագա զարգացումների մասին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն ։
 
Ստորև՝ նամակի բովանդակությունը.
 
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«ԵԼՔ» դաշինք
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք
Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինք
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Հայկական Վերածնունդ» կուսակցություն
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք
 
Հրապարակային կոչ 2017 խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին
2013թ.-ին ստեղծվել և գործում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի պաշտպանությանը և ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթացների անցկացմանը: Նախաձեռնությունն իրականացնում է հանրային վերահսկողություն ընտրական գործընթացների նկատմամբ՝ կանխարգելելով ու արձանագրելով քվեարկության ընթացքում ընտրակեղծիքներն ու ընտրախախտումները, անմիջապես  առցանց ռեժիմով հրապարակելով ընտրախախտումներն ու դրանց աշխարհագրությունը, ինչպես նաև ներկայացնելով դիմում-բողոքներ համապատասխան ընտրական հանձնաժողովներ,դատարան և իրավապահ մարմիններ։ Իր գործունեության ընթացքում «Քաղաքացի դիտորդը» վերահսկողություն է իրականացրել Հայաստանի 100 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում։
2017թ. ապրիլին խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Քաղաքացի դիտորդը» հանդես է գալու աննախադեպ մեծ կազմով դիտորդական առաքելությամբ՝ հսկողություն իրականացնելով առնվազն 1500 ընտրատեղամասում:
Սույնով դիմում ենք ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին՝ կոչ անելով միավորել ջանքերը ընտրական գործընթացների օրինականության վերահսկման գործում:
Ձեր համաձայնությունն ստանալու դեպքում պատրաստ ենք քննարկել հնարավոր համագործակցության եղանակները, ինչպես նաև կիսել մեր կողմից մշակված ընտրախախտումների կանխարգելման ու ընտրակեղծիքների արձագանքման գործիքներն ու մեթոդները, տրամադրել իրավաբանական աջակցություն քվեարկության օրը և հետընտրական գործընթացներում:
Խնդրում ենք սույն նամակին արձագանքել մինչև մարտի 15-ը՝ էլեկտրոնային փոստի  info@transparency.am հասցեով կամ կապվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի  հաղորդակցության ու ջատագովության համակարգող Հայկակ Արշամյանին՝ 091439050 հեռախոսահամարով։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև համագործակից այլ կազմակերպությունների ու միավորումների ոչ ֆորմալ միություն է։
 
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյան
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյան
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյան
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական