Եթե մենք առաջիկա ամիսներին չիմանանք Բելառուսի նկատմամբ ՀՀ արտգործնախարարության կատարած քայլերի մասին


Եթե մենք առաջիկա ամիսներին չիմանանք Բելառուսի նկատմամբ ՀՀ արտգործնախարարության կատարած քայլերի մասին

  • 09-03-2017 17:15:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Վերլուծություն

 
 
Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը, ինչպես արդեն հայտնի է, ուժի մեջ թողեց 2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նրան նույն օրը տեղափոխեցին Բաքու, հետո առաջադրեցին շինծու մեղադրանքներ:
Լապշինն այժմ գտնվում է կալանքի մեջ և, չնայած փաստաբան ունենալու հանգամանքին, շատ դժվար է ասել, թե նրան իրականում խոշտանգումների ենթարկո՞ւմ են, թե ոչ: Ադրբեջանական մեկուսարանների, բանտերի խայտառակ բարքերը, մարդկանցից իրենց անհրաժեշտ ցուցմունքները, խոստովանությունները, զղջումները, հայտարարությունները կորզելու դաժան մեթոդները հանրահայտ են:
Հայտնի է նաև, որ Բելառուսը (իրականում ճիշտ կլինի ասել այդ երկրում միապետի կարգավիճակում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն) Լապշինին Ադրբեջանին է հանձնել միջազգային իրավական նորմերի և մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կայքում արդեն իսկ հրապարակվել է  ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը Ալեքսանդր Լապշինի գործով: Հիշյալ հայտարարությամբ հիմնավոր կերպով ներկայացվում է, որ Բելառուսի Հանրապետությունը Ալեքսանդր Լապշինին հանձնել է խախտելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և  իրավահարաբերությունների մասին» կոնվենցիայի (կնքված` քաղաք Քիշնևում, 07.10. 2002 թվականին) 66-րդ հոդվածի 2-րդ մասի և 89-րդ հոդվածի 1-ին մասի «e» կետի պահանջները։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ստորագրությամբ այդ հայտարարությունն ավարտվում է հետևյալ կոչով. 
«Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում իրավապաշտպաններին, քաղաքացիական հասարակության ակտիվին և լրագրողներին օժանդակել Ալեքսանդր Լապշինի խնդրով միջազգային հանրային կարծիքի ձևավորմանը՝ հատկապես հարցը հրապարակայնացնելով և իրավական գնահատականներ հնչեցնելով»։
Ավելի վաղ, 2017թ. հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Բելառուսի Հանրապետության փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ Վ. Չայչիցին և Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յու.Պիլիպենկոյին՝ խնդրելով իրավական գնահատական տալ Ա. Լապշինի հետ կապված իրադարձությանը և օժանդակել վերջինիս իրավաբանական օգնության հարցում։ Ակնկալվող իրավական գնահատականն առ այսօր տրված չէ…
Լապշինի գործով համապատասխան հայտարարություններով արդեն իսկ հանդես են եկել ՀՀ և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը և Ռուբեն Մելիքյանը:: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Լապշինի գործով խնդիրը հասցրել է զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեի (ԵԱՀԿ) ներկայացուցիչ Դունիա Միյատովիչին, իսկ հունվարի 23-ին Ստրասբուրգում հանդիպել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Բացի վերը նշվածից, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները փետրվարի 15-ին Վիեննայում աշխատանքային հանդիպում են ունեցել Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հետ և, ի թիվս այլ հարցերի, քննարկել նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։
Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի իր ելույթում ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունվարի 23-ին նույնպես հանդես է եկել հայտարարությամբ և ԵԽԽՎ-ին կոչ արել դուրս գալ լեթարգիական քնից և կանխել Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:
«Եվ առնվազն տարակուսելի է, որ ի տարբերություն բազմաթիվ լրագրողական միջազգային կազմակերպությունների, Եվրոպայի խորհրդի՝ Լրագրողների Պաշտպանության Պլատֆորմն որևէ կերպ չարձագանքեց Լապշինի ձերբակալությանը և արտահանձման պահանջին,- նշված է Ն. Զոհրաբյանի հայտարարության մեջ:- Մամուլի, խոսքի, խղճի ազատությունը բացարձակ արժեք է, և որևէ երկիր իրավունք չունի խոչընդոտելու և արգելելու լրագրողներին՝ կատարելու իրենց մասնագիտական պարտականությունը»:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները, իրենց հերթին, հունվարի 16-ին բողոքի ակցիա են կազմակերպել Բելառուսի դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն Ալեքսանդր Լապշինի:
Իսկ մինչև Բելառուսի կողմից Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը և արտահանձնումից հետո որոշակի ե՞րբ և ի՞նչ քայլեր է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ի պատասխան մեր այս հարցի, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասաց.
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը զբաղվել է այդ հարցով։ Նույնիսկ այժմ նպատակահրամար չենք համարում այդ գործողությունների բարձրաձայնումը»։
Բելառուսի հակահայկական և հակաիրավական վերոնշյալ գործողության առնչությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ կամ հիմնավորումներով է աննպատակահարմար համարել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուց հետո Բելառուսից ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին հետ կանչելը: Այս հարցին ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղարի պատասխանը հետևյալն է. «Նման հարցերը հրապարակային քննարկման ենթակա չեն»։ Իսկ գուցե այս անգործության համար փաստարկ, հիմնավորում չկա՞, դրա՞ համար է նախընտրելի նման հարցերը հրապարակայնորեն չքննարկել… Փաստն այն է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կամ ինքը նպատակահարմար չի համարել Բելառուսում ՀՀ դեսպանին հետ կանչելը, կամ այդ քայլը չի կատարել, քանի որ հանրապետության նախագահը դեսպանին հետ կանչելը համարել է անթույլատրելի: Եթե դա իրոք այդպես է, կարելի է հասկանալ պարոն Բալայանին, որ դեսպանին հետ չկանչելու պատճառը չի ցանկանում հրապարակայնացնել: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում ՀՀ դեսպանին հետ չկանչելով, ցավոք, բաց թողեց այդ պետությանը կամ նրա միապետ Ալեքսանդր Լուկաշենկոյին բարոյական ու քաղաքական առումներով շրխկուն ապտակ հասցնելու ու գոնե այդ կերպ մեր պետության արժանապատվությունը պաշտպանելու հնարավորությունը (թե հետագայում ինչպե՞ս կվարվի, չգիտեմ, բայց բոլորս գիտենք ժողովրդական հայտնի իմաստնությունը՝ երկաթը տաք-տաք են ծեծում): Դրա փոխարեն, ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը հանդես եկավ թեկուզ միայն արդյունքի առումով անիրատեսական  հայտարարությամբ, որ պետք է բարձրացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ-ում) Բելառուսի անդամակցության դադարեցման հարցը՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման կապակցությամբ: Պարոն Բաղդասարյանը տաք-տաք խոսելով, ուղղակի հաշվի չէր առել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես թույլ չի տա ՀԱՊԿ-ում այդ հարցի բարձրացումը, և եթե նույնիսկ թույլ տա, ապա ՀԱՊԿ մյուս անդամները դեմ կլինեն Բելառուսին այդ կազմակերպության անդամակցությունից զրկելուն:
Անշուշտ, հետաքրքիր է նաև, թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Բելառուսի կողմից Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու առնչությամբ նախատեսո՞ւմ է առաջիկայում Բելառուսի նկատմամբ համապատասխան քայլեր կատարել, և եթե այո, որոշակի ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու:
«Արտաքին քաղաքականության, դիվանագիտության բնագավառում Ձեր կողմից անկարկվող քայլերը չեն բարձրաձայնվում»,- պատասխանեց Տիգրան Բալայանը մեր վերոնշյալ հարցին:
Այս պատասխանից ենթադրելի է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այնուամենայնիվ, նախատեսում է Բելառուսի նկատմամբ համապատասխան քայլեր կատարել, ուղղակի անթույլատրելի կամ աննպատակահարմար է համարում բարձրաձայնելը, թե որոշակի ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու: Հավատա՞լ պարոն Բալայանին կամ ՀՀ արտգործնախարարությանն այս հարցում, թե ոչ… Ոմանք կհավատան, գուցե շատերը չեն հավատա, բայց, ի վերջո, ճշմարտությունը ցույց կտա ժամանակը: Եթե մենք առաջիկա ամիսներին չիմանանք Բելառուսի նկատմամբ ՀՀ արտգործնախարարության կատարած քայլերի մասին (դրանց կատարումից հետո) , ապա այլ եզրակացություն չի մնա, բացի նրանից, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ իր անգործությունը փորձում է թաքցնել խորամանկելով ու խուսագրությամբ:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play