Աշխատում է ՀՀԿ-ի քարոզարշավի ռազմավարությունը.Փորձագետ


Աշխատում է ՀՀԿ-ի քարոզարշավի ռազմավարությունը.Փորձագետ

  • 09-03-2017 17:52:54   | Հայաստան  |  Հարցազրույցներ


Լրագրի զրուցակիցն  է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը

 

Պարոն Բադալյան, մի քանի օր է նախընտրական քարոզարշավ է ընթանում։ Ի՞նչ գնահատական ունեք։

 

Ընդհանուր առմամբ, բնական է, որ քարոզարշավը բովանդակային չստացվեց, որովհետև քաղաքական ուժերը հունվար-փետրվար ամիսներին իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացրին դաշինքներ ձևավորելու գործընթացի վրա, ինչը բացասական արդյունք թողեց ընտրական գործի վրա, որովհետև նրանք անուղղակի քարոզարշավ իրականացնելու փոխարեն՝ սկսեցին դաշինքամանիայով զբաղվել։ Դա ընտրական գործընթացի բովանդակային մասի նկատմամբ բավական թուլացրեց հետաքրքրությունը, և դա ազդեց ընտրազանգվածի վրա։ Մասնավորապես հիմնականում մի ստվար մասի մոտ ընտրակաշառքի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է, քան ընտրական գործընթացի բովանդակային կամ գաղափարական մասի նկատմամբ։

 

Ինչ վերաբերում է, թե ով ինչպես է իրականացնում քարոզարշավը, ամեն մեկը գնահատում է իր ուժերը և ըստ այդմ՝ գտնում մի գործոն, որով կարող է գրավել ընտրողներին։ Այս պահին ՀՀԿ-ն է, որ եղած պայմաններում ավելի արդյունավետ է իրականացնում քարոզարշավը։ Ինչի համար, քանի որ ՀՀԿ-ն չունի գրավիչ ոչինչ, արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ չկան, ռազմական ոլորտում ակնհայտ պարտություն է կրել հայկական կողմը, տնտեսական որևէ հաջողություն չունի, դատաիրավական համակարգում բարեփոխումներ չկան։ Դրա համար քարոզարշավի հիմնական մեխը ընտրել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարդկային գործոնի խաղարկումը։ Եվ պատկերացրեք սա ինչ-որ չափով աշխատում է։

 

Գաղտնիք չէ, որ վարչապետը հանրապետականների մեջ առավել մեծ հեղինակություն ունեցող անձնավորությունն է: Իհարկե, հասարակությունը չունի այն դրական սպասումները, ինչը կար սեպտեմբերին, նրա նկատմամբ սեպտեմբերին սպասումները շատ մեծ էին, բայց, այնուամենայնիվ, նրա նկատմամբ որոշակի դրական սպասումներ կան՝ ի տարբերություն մյուս ՀՀԿ-ականների, որոնց նկատմամբ որևէ սպասում չկա։ Այդ իսկ պատճառով ՀՀԿ-ն իր օդիոզներին, նրանց, ովքեր ընտրակաշառք են բաժանում և փողային հարաբերությունների մեջ են, ուղարկել է ռեյտինգային ցուցակներ, որոնք անմիջականորեն պետք է ձայն բերեն, իսկ համամասնական ցուցակում օդիոզ դեմքեր չկան, և հիմնական գործոնը, որ աշխատեցնում է քարոզարշավի ժամանակ՝ մարդկային դեմքով վարչապետի ներկայությունն է։ Հաշվի առնելով, որ խիստ բովանդակային քարոզարշավ չէ, սա աշխատող ռազմավարություն է։

 

Իսկ ՀՀԿ-ի նկատմամբ անտագոնիզմը չի՞ խանգարում, ըստ Ձեզ, վարչապետին։

 

Խնդիրն էլ հենց դա է, որ նրանք շեշտադրումը դրել են ոչ այնքան հանրապետականի վրա, որքան վարչապետի։ Եվ ընտրազանգվածի մոտ վերաբերմունքը դրսևորվում է վարչապետի նկատմամբ, այսինքն՝ շատ-շատերն ասում են, որ վարչապետին ենք ընտրելու, ոչ թե ՀՀԿ-ին։ Հասարակության ընդհանուր ինետելեկտուալ մակարդակը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ ընտրազանգվածի մոտ դա աշխատում է։ Մեկ անգամ սա աշխատել է՝ Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ, երբ շատ-շատերը Տարոն Մարգարյանին էին ընտրում, ոչ թե ՀՀԿ-ին։ Տարոն Մարգարյանն այն ժամանակ առանձնացվում էր ՀՀԿ-ից: Սա, ի դեպ, շատ լավ աշխատում է նաև տարածքային/ռեյտինգային ընտրացուցակում ընդգրկված հանրապետականների համար, որոնց ընտրում են ոչ թե Հանրապետական լինելու համար, այլ որպես լավ տղա, որը ասֆալտ է փռում, բակերն է վերանորոգում, ջրախողովակներ փոխում և այլն։ Այսինքն՝ նրանք առանձնացվում են ՀՀԿ-ից, և սա ՀՀԿ-ի հաղթաթուղթն է, որը մյուս մրցակիցների համար է խոչընդոտ ստեղծում։ ՀՀԿ-ն տվյալ պայմաններում գտել է իր համար ամենաարդյունավետ ռազմավարությունն ընտրական գործընթացում քարոզարշավ կազմակերպելու հարցում։

 

«Ծառուկյան» դաշինքն արդեն հասկանալի է, որ ամբողջ քարոզարշավը կազմակերպում է Ծառուկյանի անձի վրա։ Գաղտնիք չէ, որ Ծառուկյանն ընտրողների մոտ ունի բավական բարձր վարկանիշ, որովհետև նա հանդես է գալիս հրաշքներ գործելու, բարեգործի ու փրկչի կերպարով: Սա նույնպես աշխատող ռազմավարություն է։

 

Այսօր ունենք պայմանականորեն երկու ընտրազանգված՝ փողով քվեարկող և փողով չքվեարկող։ Փողով քվեարկողները կեսից ավելի են, բայց այստեղ էլ երկու մասի պետք է բաժանել՝ մի մասը փող վերցնում է և քվեարկում է այնպես, ինչպես փող տվողն է պահանջել, մյուս մասը՝ փողը վերցնում է և քվեարկում է ինչպես ցանկանում է, ինչպես եղավ սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Այսինքն՝ այնպես չէ, որ փողը տվեց՝ հարյուր տոկոսով աշխատում է, իհարկե որոշ տոկոսով աշխատում է։

 

Փողով չքվեարկողներին էլի երկու մասի պետք է բաժանենք. մի մասը փող չի վերցնում և չի գնում ընտրության, իսկ մյուս մասը գնում է ընտրությունների։ Եվ այս մասն էլ առանձին խմբերի է բաժանվում, խմբերից մեկին հետաքրքրում է Գագիկ Ծառուկյանը որպես մարդ,  որը բավական բարեգործություն է իրականացնում, և կարող է հիմք հանդիսանալ, որ ընտրեն Ծառուկյան դաշինքին։

 

Մյուսը, որը զուտ գաղափարական քարոզարշավ է իրականացնում՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն է՝ իր «Խաղաղություն հիմա» ծրագրով: Ինչքանով դա կաշխատի, չեմ կարող ասել, քանի որ սա ռիսկային ռազմավարություն է, բայց ամեն դեպքում հնարավոր է աշխատի, եթե նրանք կարողանան ավելի գրագետ դա ներկայացնել։

 

Վերածնված ՕԵԿ-ն իր նախորդ տարիների քարոզարշավի ռազմավարությունն է իրականացնում, այսինքն՝ նա տալիս է մեծ-մեծ խոստումներ, որ իշխանության գալու դեպքում ամեն ինչ պետք է անենք, երկիրն այս վիճակից պետք է դուրս բերենք: Այս ծրագրերի մեջ կա որոշակի պոպուլիզմ, բայց սա նույնպես աշխատող կարող է լինել։ Ընտրական գործընթացի ժամանակ պոպուլիզմը նորմալ երևույթ է, և հակաօրինական չէ։

 

«Ազատ դեմոկրատները» իրենց դիրքավորում են որպես արևմտամետ ուժ, ուղղակի նրանք շատ ժամանակ են կորցրել այս տարիներին։ Նրանք ավելի վաղ են գրանցվել և այս տարիներին, երբ ԱԺ-ում էին, պետք է ավելի վաղ իրենց դիրքավորեին որպես արևմտամետ ուժ, որ այս պահին արդեն ճանաչված լինեին։ Նրանք ճանաչված լինելու խնդիր ունեն, իսկ ընտրարաշավի համար նախատեսված 25 օրը բավարար չէ, որ կարողանաս քաղաքական դաշտում հստակ դիրքդ դնես և քո դիրքորոշումը ներկայացնես։ Եթե ավելի վաղուց սկսած լինեին, կարող է ունենային հաջողություն։ Հիմա դժվար է ասել՝ կունենա՞ն, թե չեն ունենա, բայց Հայաստանում կա արևմտամետ ընտրազանգված, որը շատ չէ, բայց հինգ տոկոսից բարձր է, և սա միանշանակ է։

 

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, այստեղ մի փոքր անհասկանալի պահ կա, որովհետև «Ելք» դաշինքը գլխավորում է վանաձորցի պատգամավոր էդմոն Մարուքյանը, բայց կարծես թե նրանց հիմնական քարոզարշավն իրականացնում է ՔՊ-ի ղեկավար չհանդիսացող Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ որոշակի անհստակություն կա, քանի որ մինչև «Ելք» դաշինքի ձևավորումն այս դաշինքի մեջ մտնող «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն ավելի արևմտամետ դիրքորոշմամբ էին հանդես գալիս: Հիմա այդ դիրքորոշումը չեզոքացվել է, և ընդհանուր, ուղղակի սովորական ստանդարտ քարոզարշավ է իրականացվում, որ եթե մենք գանք, լավ կլինի: Բայց սա քիչ է, դու պետք է առանձնանաս ուրիշներից, իսկ այդ առանձնացումը չկա։

 

«Ծառուկյան» դաշինքը Ծառուկյանով է առանձնանում, Հանրապետականը վարչապետի մարդկային դեմքով է առանձնանում, «Կոնգրես-ՀԺԿ»-ն՝ «Խաղաղություն հիմա» ծրագրով, «Ազատ դեմոկրատները» արևմտամետությամբ, բայց «Ելք» դաշինքը, Դաշնակցությունը և ՕՐՕ-ն մյուսներից առանձնանալու «ֆիշկա» չունեն, ընդհանուր է ստացվում, իսկ ընդհանուրը չի աշխատում։

 

Հնարավո՞ր է արդյոք այս տեսակ զարգացումներով ֆորս-մաժոր Հայաստանում։

 

Ֆորս մաժոր չի լինի, եթե սահմանին լարված իրավիճակ չլինի, լայնամասշտաբ պատերազմական գործողություններ չսկսեն: Եթե ընթանա այնպես, ինչպես հիմա է, այս պարագայում ֆորս մաժորային վիճակ տեսանելի չէ, որովհետև մենք արդեն տեսել ենք բոլորի քարոզարշավն ինչպես է ընթանում, և մինչև մարտի 31-ը այս նույն գիծն են տանելու։ Եթե բոլորն այս գիծն են տանում, շահող է դուրս գալիս ՀՀԿ-ն, որովհետև թույլ բովանդակության դեպքում աշխատում է ՀՀԿ-ի քարոզարշավի ռազմավարությունը:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play