Չնայած Գերմանիայում Թուրքիայի հետախուզական խափանարարությունների դեպքերի ավելացմանը


Չնայած Գերմանիայում Թուրքիայի հետախուզական խափանարարությունների դեպքերի ավելացմանը

  • 09-03-2017 23:19:27   | Գերմանիա  |  Վերլուծություն

 
 
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր խորհրդարանում իր ելույթում ասել է, որ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի պաշտոնատար այլ անձանց կողմից Բեռլինին «նացիստական պրակտիկայի» մեջ մեղադրող մեկնաբանությունները հանդուրժել չի կարելի, «Նացիստների հետ այս համեմատություններին պետք է վերջ տալ»: Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:
Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ, Մերկելը խորհրդարանին ասել է, որ այդպիսի նկատողությունները տխուր են, չափազանց անտեղի և անընդունելի: Նկատի ունենալով կատարված համեմատությունը, նա ասել է. «մենք թույլ չենք տա նացիստների զոհերին լինել տրիվիալ»:
Մինչ այդ Էրդողանի մեկնաբանության առնչությամբ իր ամենախիստ մեկնաբանության մեջ Մերկելն ասել էր, որ նացիստների հետ համեմատությունն այնքան «տխուր» է և «միանգամայն անհնար համատեղելու, որ, ըստ էության, չի կարելի մեկնաբանել»:
Հիշենք, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Մերկելի կառավարությունը Գերմանիայի տարբեր շրջաններում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում Թուրքիայի պետական պաշտոնատարների քարոզչական ելույթները, նրանց կողմից նախատեսված հանրահավաքներն արգելեց: Էրդողանը Գերմանիայի իշխանությունների այդ վերաբերմունքը նմանեցրել էր նացիստների պրակտիկային: Թուրքիայի պետական պաշտոնատարները փորձել էին օգտագործել այն հանգամանքը, որ Գերմանիայում այժմ ապրում են թուրքական արմատներով մոտ 1.4 միլիոն քաղաքացիներ:
Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկը հղում կատարելով Associated Press-ի վրա, իր այսօրվա հրապարակման մեջ գրել էր, թե Մերկելն իր հայտարարության մեջ իբր ասել է՝ «Գերմանիան չի ներելու քեզ, Էրդողան»: Էրդողանի հանդեպ Մերկելի այս խոսքի համարձակությունը տարակույսների տեղիք տվեց. մի՞ թե Մերկելն Էրդողանի կամ Թուրքիայի հետ իր հարաբերություններում այդքան համարձակ քաղաքական գործիչ կամ երկրի նախագահ է: Ուսումնասիրելով «Associated Press»-ի՝ թեմայի հետ առնչվող այսօրվա բոլոր հրապարակումները, Գերմանիայի կանցլերի կողմից Էրդողանին անձնապես ուղղված այդպիսի համարձակ խոսքի կամ սպառնալիքի չհանդիպեցինք: Հակառակը՝ «Ֆրանս Պրես» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Անգելա Մերկելն այսօր հայտարարել է, որ չնայած Թուրքիայի կառավարության որոշ դիրքորոշումներն ընդունելի չեն, բայց այդ երկիրը համարվում է Բեռլինի անվտանգության և աշխարհաքաղաքական գործընկերը ՆԱՏՕ-ում:
Ընդգծելով, որ Գերմանիայից հեռու մնալը Թուրքիայի շահերից չի բխում, Մերկելը հստակեցրել է՝ «Բեռլինը համատեղ արժեքների շրջանակում ջանքեր է գործադրում Անկարայի հետ համագործակցելու ուղղությամբ»:
Ընդգծենք՝ Մերկելն այս հայտարարությունն արել է՝ չնայած Գերմանիայի Սահմանադրության պաշտպանման դաշնային վարչության հետևյալ հաղորդմանը. «Հաշվի առնելով Բեռլինի և Անկարայի  միջև լարվածությունները, Գերմանիայում Թուրքիայի հետախուզական խափանարարությունների դեպքերն ավելացել են»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն