Հայկական 17 ՏՏ ձեռնարկություն նոր կապեր է հաստատել Լոնդոնում


Հայկական 17 ՏՏ ձեռնարկություն նոր կապեր է հաստատել Լոնդոնում

  • 10-03-2017 17:25:01   | Մեծ Բրիտանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մարտի 9-10-ը հայկական 17 ընկերություն Լոնդոնում մասնակցեց հայ-բրիտանական դեմ առ դեմ (B2B) հանդիպումներին` «British-Armenian B2B Networking Event» միջոցառման շրջանակում: Հանդիպումներին մասնակցեց   բրիտանական ավելի քան 70 ՏՏ ձեռնարկություն: 
 
«Մասնակցող 17 ձեռնարկությունները մեր երկրում գործող լավագույն ՏՏ ընկերություններից են, և մենք հույս ունենք, որ նրանք Լոնդոնում կհաստատեն կայուն և արդյունավետ բիզնես կապեր: Ձեռնարկությունների եվրոպական ցանցը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհետևեն և կաջակցեն, որպեսզի այդ կապերն ավելի ամուր և շարունակական լինեն»,- մարտի 3-ին` միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, Երևանում ասել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: 
 
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել էր, որ նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել հայ-բրիտանական տնտեսական կապերը: «Հայաստանը հսկայական ներուժ ունի առաջնահերթ ուղղություն հռչակված ՏՏ ոլորտի զարգացման համար, և այդ ոլորտն օտարերկրյա ներդրողների համար մագնիսի է վերածվել, ինչը կարևոր խթան է աշխատուժի զարգացման համար, ինչպես նաև կարևոր խթան և արագացուցիչ է Հայաստանի տնտեսական հաջողությունների համար»,- ասել էր դեսպանը: 
 
Նախաձեռնությունն իրականացվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ` «BSC» Բիզնեսի աջակցման կենտրոնի հետ համատեղ: Աջակից կառույցներն են «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը, Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, Newable, East Invest բրիտանական ընկերությունները, Լոնդոնի առևտրաարդյունաբերական պալատը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:  
 
###
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային  կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը,  ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ